Դաշնակցական Վահանը բոլորին կողմ է

Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը չի կարդացել ՀԱԿ առաջնորդի հարցազրույցը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ ժամանակն է, որպեսզի ՀԱԿ-ը վերածվի կուսակցության: Հովհաննիսյանին դա չի հետաքրքրում:
“Ինչո՞ւ եք ինձ հարցնում, իրեն հարցրեք”,-ասաց նա: Ներքաղաքական զարգացումների եւ նախընտրական գործընթացների մասին ՀՅԴ պատգամավորը առանձնապես ասաց, որ նախընտրական պրոցեսներ չի տեսնում, այլ տեսնում է արտառոց միջադեպեր, որից ամենամտահոգիչը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է:
ՀՅԴ ներկայացուցիչը արդարացրեց իրենց չմասնակցությունը նախագահական ընտրարշավին, քանի որ պետք չէ մասնակցել միջոցառմանը, եթե չես կարողանում այն վերածել քաղաքական պրոցեսի:
“Այն լեգենդը, որ ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ ժողովուրդն է` սուտ է, այդպիսի բան չկա, քանի որ իշխանությունը ձեւավորում է պայմաններ, որն էլ ձեւավորում է հասարակությունը: Իսկ մեր հասարակությունը հիվանդ է, քանի որ հիվանդ է իշխանությունը “,-ասաց Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ-ն, նրա խոսքով, լինելով իշխանության մեջ անգամ, չկարողացավ այդ ամենի բուժումը, դարմանը տալ:
Ի դեպ, չնայած ՀՅԴ-ն որոշում է կայացրել իշխանությանը չքվեարկել, բայց ինքը բոլոր թեկնածուներին կողմ է քվեարկելու: