Նոր «փորձություն» դատապարտյալների համար
Հայաստանի իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ.. ռազմավարական ծրագրով նախատեսվում է ներդնել պրոբացիայի ծառայություն, որի հայեցակարգն արդեն պատրաստ է: Համակարգի հիմքում դրված է եվրոպական երկրների նմանատիպ փորձը: Թարգմանաբար «պրոբացիա» նշանակում է փորձաշրջան, փորձություն: Այսօր հանցագործություն կատարած անձին պետությունն ազատազրկում է, կտրում աշխատանքից, ընտանիքից, շրջապատից՝ նրան հնարավորություն չտալով փոխհատուցել տուժողի վնասը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ «պրոբացիան բնույթով սոցիալ-հոգեբանական վերականգնողական համալիր աշխատանք է, որի նպատակն է ազատազրկված անձի վերաինտեգրումը հասարակության մեջ: Պրոբացիայի հիմնական նպատակն է ազատազրկված անձին ոչ թե մեկուսացնել հասարակությունից, այլ հնարավորություն տալ ստանալ մասնագիտություն, կրթություն, աշխատանք, այլ անձանց՝ այդ թվում նաև ընտանիքի անդամների հետ շփում, քանզի ազատազրկումը երբեմն տևական բնույթ կարող է կրել, և այդ ընթացքում տեղի կունենա մարդու դեսոցիալիզացիա:
Պրոբացիոն ծառայության հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ երկար ժամանակով դատապարտված անձը՝ կրելով իր պատիժը, որից հետո հայտնվելով արդեն ազատության մեջ, իրեն համարի հասարակության լիիրավ անդամ: Անձի ձերբակալման առաջին իսկ պահից պրոբացիան գործում է:
Կալանքի կիրառման ժամանակ պրոբացիոն ծառայության կողմից տրված եզրակացությունը շատ կարևոր նշանակություն պետք է ունենա դատարանի համար և պատասխանի շատ կարևոր հարցի՝ արդյոք կիրառել կալանքը որպես խափանման միջոց, թե ոչ:
Այսինքն, երբ ասում ենք սոցիալ- հոգեբաններ կամ սոցիալ-հոգեբանական աշխատանք միայն նկատի չունենք, թե ինչ պետք է անել անձին օգնելու վերաինտեգրման համար, այլ պրոբացիոն ծառայողը պետք է կարողանա ախտորոշել, թե տվյալ անձը՝ հայտնվելով անազատության մեջ, արդյոք ավելի վտանգավոր չի դառնա»:
Պրոբացիայի պիլոտային ծրագիրը գործում է Վանաձորում: Henaran.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցը հույս հայտնեց, որ ծրագիրը շուտով օրենքի ուժ կստանա և կգործի հանրապետության ամբողջ տարածքում: