Երբեք քո ուղին մինչեւ վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա …
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է նախագահական ընտրություններին, մասնավորապես նշելով.
“Նախագահական ընտրությունների ընթացքը թեւակոխում է վճռական փուլ: Քարոզարշավ, որը նաեւ միջազգային փորձագետների կողմից բնութագրվում է որպես ծրագրային մրցապայքար՝ քաղաքական կոռեկտության սահմաններում, զերծ անձնական վիրավորանքից: Կարճ ասած` քարոզարշավ, որը բնորոշ է կայուն ժողովրդավարական երկրներին:
Մենք բազմիցս նշել ենք, որ որպես քաղաքական իշխանություն` անելու ենք մեզանից կախված ամենը, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն լավագույնը: Եվ պատահական չէ, որ մեր թեկնածուն ասել է. “Պարտավոր ենք լավ ընտրություններ անցկացնել: Դա օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է”:
Փետրվարի 18-ին մենք կընտրենք մեր Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին եւ Արցախյան հարցով գլխավոր բանակցողին: Մենք համոզված ենք, որ հայոց բանակը մեր պետականության եւ հայության անվտանգության հիմնական երաշխավորն է եւ Արցախի հուսալի թիկունքը:
Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Այլ կերպ ասած` ԼՂ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: Ավելին՝ խնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը:
Օրեր առաջ տեղի ունեցավ զազրելի հանցագործություն, որն ուղղված էր ոչ միայն նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի, այլեւ մեր պետականության դեմ: Այս սադրանքի հեղինակները նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Բայց մենք պարտավոր ենք այս փորձությունից դուրս գալ ավելի վճռական եւ միասնական: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ խանգարել կառուցելու ապահով, ուժեղ եւ ժողովրդավարական Հայաստան:
Այստեղ տեղին է մեջբերել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերը. “Դու երբեք քո ուղին մինչեւ վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա”: