Վաղը կառավարությունից պարզաբանումներ են պահանջելու
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը բարձրացրեց Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ ԻԻՀ-ին տրամադրելու մասին կառավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր:
Աղվան Վարդանյանը, մասնավորապես նշեց որ Սյունիքի մարզում հիսուներկու հազար ՀԱ արոտավայրեր հինգից տասը տարով վարձակալության են տալու հարեւան պետությանը` անասուններ արածացնելու համար: Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն պարզաբանումներ կպահանջի կառավարությունից:
‘’Ի՞նչ է սա նշանակում, խնդիրը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերվում: Այս գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը: Շահելո՞ւ, թե՞ կորցնելու են հարակից գյուղերը: Ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական եւ բնապահպանական վիճակի հետ’’,-հարցադրումներ հնչեցրեց պատգամավորը` շեշտելով, որ սա ռազմավարական նշանակության խնդիր է:
‘’Ինչո՞ւ չենք սուբսիդավորում եւ ցածր տոկսոադրույքով վարկեր տրամադրում գյուղացիներին, ինչո՞ւ չենք ուզում երկիրը լքել ցանկացող գյուղացու փոխարեն զարգացած անասնապահություն ունենալ’’,-պատգամավորը շարունակեց հարցերի շարանը:
Աղվան Վարդանյանը կիսագրագետ որակեց միջպետական հարաբերություններում նման գործելաոճի դրսեւորումը: