ՀՅԴ-ն կոչ կանի ընտրություններից մի քանի օր առաջ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր համակիրներին նախագահական ընտրություններում կողմնորոշվելու կոչ կանի քվեարկությունից մի քանի օր առաջ: Այսօր այս մասին ի պատասխան Henaran.am-ի հարցին` ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:
Նա նշել է, որ թեկնածու չառաջադրելը, որի բոլոր հիմնավորումները Դաշնակցությունը ներկայացրել է, չի նշանակում, որ ՀՅԴ-ն ձեռքերը ծալած նստելու է եւ քաղաքական գործընթացներից դուրս է:
‘’Ընդհակառակը, մեզ համար այսօր շատ բարենպաստ, նպաստավոր իրավիճակ է, եւ մենք շատ ինտենսիվորեն զբաղվում ենք քաղաքականությամբ. հանդիպումներ ենք ունենում մեր ընկերների հետ, քննարկումներ ենք ունենում, ներկայացնում ենք այսօրվա քաղաքական իրավիճակը, նաեւ թե ինչ է հնարավոր, որ լինի ընտրություններից հետո, եւ մենք վստահ ենք, որ մեր ճիշտ դիրքորոշումը վաղը ավելի տեսանելի կդառնա’’,-նշել է նա:
ՀՅԴ-ական գործիչը նշել է, որ ՀՅԴ-ն հրապարակային հայտարարությամբ կդիմի իր համակիրներին ընտրության օրվանից մի քանի օր առաջ: ‘’Մենք պաշտոնական հայտարարությամբ մի քանի օր առաջ հանդես կգանք, մեր դիրքորոշումը հստակ կարտահայտենք` առաջին, բացառել իշխանական թեկնածուի օգտին քվեարկելը, որովհետեւ աբսուրդ է, երբ ընդդիմադիր գործունեություն իրականացնող քաղաքական ուժը կարող է ասել ` գնացեք, նաեւ կարող եք այդպես քվեարկել:
Երկրորդ, այս ամբողջ խաղին մասնակցելն ինքնին որեւէ բան չի փոխելու, բայց որպես ՀՀ-ում գործող քաղաքական ուժ` մենք չենք ուզում վարկաբեկել ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես : Մենք առաջարկելու ենք, որ գնան, մասնակցեն ընտրություններին’’:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ օգտին կոչ կանի ՀՅԴ-ն, Աղվան Վարդանյանն ասել է.’’Մենք կարող ենք մեր դաշնակցական ընկերներին ասել մեր որոշումը: Սա կուսակցություն է, սա կարգապահ կառույց է, եւ մեր կուսակցական ընկերները կառաջնորդվեն մեր որոշումով, ինչ վերաբերվում է համակիրներին, մենք ամենայն հավանականությամբ, կասենք գնացեք ընտրությունների, ըստ ձեր խղճի քվեարկեք, բացառեք իշխանության թեկնածուին, բայց նաեւ կարող եք քվեաթեթրիկները անվավեր դարձնել` ձեր իրավունքն է’’: