Ինչ կապ ունի մանկապարտեզը ընտրությունների հետ
Անեկդոտի նման մի բան է դարձել` ում ինչի մասին հարցնում ես, ասում են` մնա ընտրություներից հետո: Կամ էլ ասում են, որ ընտրություններից հետո այսինչ կամ այնինչ ապրանքը թանկանալու է:Այս մտավախությունը պատել է նաև Երևանի մանկապարտեզներին:
Օրերս ծնողներից մի քանիսը մեզ հետ զրույցում մտահոգություն էին հայտնել, թե “նախագահի ընտրությունից հետո Երևանի մանկապարտեզները դառնալու են վճարովի: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում հարցը լսելուն պես ասաց. “Վայ, ո՞վ ասեց: Դա անհեթեթություն է”:
“Չկա, չի էլ կարող նման բան լինել: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Ինչ կապ ունի մանկապարտեզը ընտրությունների հետ, դրանք տարբեր բաներ են: Դա սոցիալական փաթեթ է, որ արվել է քաղաքապետի որոշմամբ, ու այն լինելու է շարունակական”:
Նկատենք, որ մանկապարտեզները անվճար դառնալուց հետո մեծացավ երեխաների հոսքը, արդյունքում դաստիարակների աշխատավարձը մնաց նույնը, որը դժգոհությունների տեղիք տվեց:
Գայանե Սողոմոնյանը նկատում է, որ իրականում խնդիր կա: “Սկզբում խմբերում նորմայի թիվը գերազանցվեց և այդ արագության մեջ մեր կառավարումից դուրս մնաց, քանի որ ծնողները միանգամից մեծ ոգևորություն ապրեցին և սկսեց մեծ հոսք դեպի մանկապարտեզներ”:
Ոլորտի պատասխանտուի խոսքով` եթե նախկինում մանակապարտեզներում երեխաների թիվը կազմում էր 21 հազար, ապա մեկ տարվա մեջ նրանց թիվը դարձավ 30 հազար: Իսկ այսօր արդեն 10 հազար երեխա ունեն հերթագրված:
Նման դեպքերը բացառելու համար Գայանե Սողոմոնյանը նկատում է, որ այսօր արդեն արգելված է նորմատիվ սահմանները գերազանցելը. “Բայց մենք չենք կարող ընդունված երեխաներին հանել մանկապարտեզից, դա բարոյական չէ”: