Սա Լեւոնի, Ռոբերտի, Սերժի, Սուրիկի երկիրը չի … Րաֆֆին Սյունիքում է /ֆոտո/
“Սա Լեւոնի, Ռոբերտի, Սերժի, Սուրիկի երկիրը չի, սա բոլորիս երկիրն է եւ պիտի հասնենք դրան”,-Սյունիքի մարզկենտրոն Կապանում հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Գորիսից էր գալիս եւ նախատեսված ժամից հանդիպումը մեկ ժամ ուշ սկսեց: Այնուամենայնիվ, թեկնածուն չխախտեց ավանդույթը.նա ձեռք սեղմեց եւ գրկախառնվեց հավաքվածների հետ:
“Հինգ տարվա ընթացքում 180 հազար նոր աշխատատեղ: Եվ սա խոստում չէ, սա նվազագույն հանձնառություն է: Մեկ տարվա ընթացքում ձեր կենսաթոշակները, կրթության, գիտության ծախսերը, առողջապահությունը, մեր պաշտպանությունը 50 տոկոսով պիտի ավելացնենք”,-հավաստիացրեց թեկնածուն:
Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը նույնպես անդրադարձան Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը՝ հորդորելով ճիշտ քվեարկություն կատարել:
Ի դեպ, Կապանի մշակույթի պալատի մերձակա հրապարակում հանդիպմանը մոտ 300 մարդ կար, իսկ մինչ ժառանգականների ժամանելը, երեխաները հանդիպման մասնակիցներին բաժանում էին թեկնածուների նախընտրական բուկլետները: