Օսկանյանը խորհուրդ է տալիս
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ մահափորձ է կատարվել:
”Քիչ առաջ ԲՀԿ իմ գործընկերների հետ այցելեցի Պարույր Հայրիկյանին: Մենք հիվանդանոցում եղանք այն պահին, երբ նրան դուրս էին բերում վիրահատարանից: Նա դեռ չէր զարթնել, և հնարավոր չեղավ խոսք փոխանակել հետը:
Բժիշկներն ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել, Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Պարույր Հայրիկյանին մաղթում եմ հնարավորինս արագ ապաքինում:
Կատարվածը, իհարկե, զարհուրելի և դատապարտելի է: Հայաստանը թեկուզ մի փոքր սիրող մարդը իրեն նման բան թույլ չէր տա, որովհետև դա առաջին հերթին վնասում է ազգի ու երկրի հեղինակությանը:
Հանցագործության վարկածներից խոսելիս պետք է զգույշ լինել և սպասել, որ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կատարեն”: