25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշխարհի լույսը

«Ես Եմ աշխարհի լույսը. ով Իմ հետեւից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը»: (Հովհ. 8; 12)
Մե՛ղքն է, որ խավարով պատեց մարդու կյանքը։ Մե՛ղքն է, որ մարդու սրտի մեջ հանգցրեց արդարության լույսը։ Մե՛ղքն է, որ աղոտացրեց լույսը մեր հոգիների։ Մարդը կորցրեց հավիտենական կեանքին առաջնորդող ճամփան, երբ կամովին մարեց այդ ճամփի լույսը։
Հավիտենական կյանքին առաջնորդող լույսը Քրիստոս Ի՛նքն է։ Խզել մեր կապը Քրիստոսի հետ, նշանակում է մերժել մեզ կենսավորող լույսը։ Առանց Քրիստոսի խավա՛ր է մարդու կյանքը ու մեռա՛ծ է նրա հոգին։ Առանց Քրիստոս-Լույսի մարդու միտքը տարտարոսների մութի մեջ է խարխափում, մարդու սիրտը իր խաղաղությունը կորցնում է, իսկ մարդու հոգին առհավետ աղիողորմ ճիչեր է արձակում։
«Ով որ Ինձ է հետեւում՝ խավարի մեջ չպիտի քայլի…»։ Արդարեւ, խավարի մեջ չքայլեցին Եգիպտոսից ելնող Իսրայէլացիները, որոնք «ամպի առաջնորդության եւ պահպանության տակ էին, եւ բոլորն էլ Կարմիր ծովով անցան, եւ Մովսեսին հետեւելով՝ բոլորն էլ մկրտվեցին ամպ եւ ծովի մեջ» (Ա Կորնթ 10; 1-2)։ Ամպը, որի մասին խոսում է առաքյալը, ակնարկություն է անապատի մեջ Իսրայէլի ժողովրդին առաջնորդող ամպի եւ կրակի սյուներին (Ելք 13; 21-22)։ Իսկ ամպի եւ կրակի սյուների մեջ մենք Քրիստոսի ներկայությունն է, որ տեսնում ենք։ Ինչպես Քրիստոս անցյալում Իսրայէլի ժողովրդին առաջնորդեց Սինայի անապատներով ու Կարմիր ծովով, այնպէս էլ այսօր, Նա մեզ առաջնորդում է ներկա կյանքի տաժանալից անապատներով ու մրրկալից ծովերով։
Սիրելի՛ բարեկամ, ինչպես Իսրայէլացիները առանց անցնելու Սինայի անապատով ու Կարմիր ծովով չպիտի կարողանային հասնել խոստացյալ Քանանու երկիրը, այնպես էլ մենք չենք կարող հասնել Աստծո խոստացած թագավորությանը, եթե նախ չանցնենք կյանքի անապատներով ու ծովերով։ Իսկ կյանքի անապատներով ու ծովերով անցնել կարենալու համար՝ անհրաժեշտորեն մեզ հետ ու մեր կողքին պիտի ունենանք Քրիստոսին։
Կյանքի անապատն ու ծովը լեցուն են վայրի գազաններով ու անտեսանելի սողուններով։ Այնտեղ է Սատանան իր ծուղակներով ու հրապուրիչ երեւույթներով։ Այնտեղ են չար ոգիները իրենց պատրաստած անհամար փորձություններով։ Առանց Քրիստոսի չե՛նք կարող հաղթանակ տանել նրանց դեմ։ Պետք ունենք Քրիստոս-Սյունի, որպեսզի Նրեն կրթնենք, Նրանով զորանանք, Նրանով ու դեպի Նրան առաջնորդվենք։ Չարի կողմից նյութված չարաբնույթ ծրագրերը միայն Քրիստոս-Լույսի դիմա՛ց կխափանվեն, եւ Աստծո փառավոր ու փառավորող լույսը պայծառորեն հանդես կգա։
Մենք չենք գնում դեպի Քրիստոս, որպեսզի Նրանից լույս առնենք, այլ որպեսզի՝ Նրան ընդունենք մեր կյանքերից ներս իբրեւ լույս։ Նա ոչ միայն մեր հոգիները լուսավորողն է, այլեւ լույսն է մեր հոգիների։ Քրիստոս-Լոյսն է, որ արդարության ճամփան է ցույց տալիս։ Քրիստոս-Լույսն է, որ ճշմարտությունը երեւան է բերում։ Առանց Քրիստոս-Լոյսի ճշմարտությունը ծածկված կմնա մեզանից։ Քրիստո՛ս է ճշմարտությունը, եւ հետեւաբար, Քրիստոսից հեռացողը ճշմարտությունից է, որ հեռանում է։ Լույսը ճշմարտությունն ու իրականությունը բացահայտելու հատկություն ունի։
Արդարեւ, լույսը չէ,՞ որ ամեն բանի ինքնությունը, ամեն առարկայի ինչությունը, ամեն երեւույթի իսկությունը տեսանելի է դարձնում։ Ինչպես երբ արեւը ծագի, մութի ու խավարի մեջ ծածկված, անծանոթի ու անորոշի հետեւում պահ մտած բոլոր մարդիկ ու առարկաները երեւան են գաիս իրենց ճշմարիտ պատկերով, այնպես էլ, երբ Քրիստոս իբրեւ լույս ծագի մեր սրտերում ու հոգիներում, այնժամ է, որ մեր իսկական ինքնությունը պիտի բացահայտվի, պիտի անդրադառնանք, որ կորած ենք մեղքի խավարին մեջ եւ շուտով Քրիստոսի ոտքերին պիտի փաթաթվենք։
Պողոս առաքյալն ասում է. «Աստված Ինքը, որ ասաց՝ “Խավարի մեջ լույս թող ծագի”, Ինքը մեր սրտերում ծագեց, որպեսզի լուսավորվենք եւ Աստծո փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ» (Բ Կորնթ. 4;6)։ Հիսուս Քրիստոսի լույսով էր, որ մենք ճանաչեցինք Աստծո փառքը։ Հիսուս Քրիստոսով մենք լուսավորվեցինք եւ դարձանք Երկնքի լույսը երկրի վրա տարածող երկնառաք դեսպաններ։
Առանց Քրիստոսի լույսի մենք թշնամի ենք մնում Երկնքին։ Առանց Քրիստոսի լույսին մենք մնայուն կերպով վախի եւ անորոշության գրկի մեջ ենք։ Այո՛, խավարին մեջ վա՛խն է հանգչում, խավարին մեջ վտա՛նգն է պահված, խավարին մեջ Սատանա՛ն է դարանակալ նստած։ Մութին մեջ քայլողը ո՛չ մխիթարություն ունի, եւ ո՛չ էլ խաղաղություն, ո՛չ հանգիստ, եւ ո՛չ էլ ապահովություն։
Քրիստոս Ի՛նքն է, որ այս բոլորից մեզ ազատագրեց։ Ի՛նքն է, որ մեզ անհավատության խավարից դուրս բերեց եւ հավատքի որդիներ դարձրեց։ Ի՛նքն է, որ մեզ տգիտության ճիրաններից ձերբազատեց եւ առաջնորդեց ճշմարիտ գիտության, որ նույնինքն աստվածգիտությունն է։ Ի՛նքն է, որ մեզ խավարին մեջ թաղված մեռելոտի կանքից դեպի հաղթական կյանքը առաջնորդեց։
Կյանք ունենալ, նշանակում է ունենալ այն լույսը, «որ խավարին մեջ լուսավորում է» (Հովհ. 1;5)։ Այն Լույսը լուսավորեց ու շարունակում է լուսավորել ամբողջ աշխարհի մարդկանց, որովհետեւ ամբողջ աշխարհի մարդկանց վրա տիրեց մեղքի խավարը։ Այն Լույսը միայն հրեաների համար չեկավ աշխարհ, այլ ողջ մարդկության համար (Հովհ. 12;46)։ Ինչպես արեւը բոլորի վրա է ծագում, այնպես էլ արեւի Արարիչը պատրաստ է «Մահվան աշխարհի ու ստվերի մեջ ապրողների վրա» ծագելու (Մատթ. 4;16)։
Սիրելի՛ ընթերցող, ինչպես երբ արեւի լույսը ծագելիս, աշխարհը պատող խավարը փարատվում է, այնպես էլ, թույլ տուր, որ Քրիստոսի լույսը ծագի սրտիդ մեջ, որպեսզի ցրվի էությունդ պատող անհավատության մեգը։

Արեւմտահայերենից փոխադրեց՝ Լիիթ Հովհաննիսյանը

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ» ամսաթերթ N 71

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ