Կեղծ վարորդական վկայականներով
Հունվարի 29-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց b/c կարգի վարորդական իրավունքի կեղծ վկայականներ պատրաստելու, իրացնելու և օգտագործելու մեջ մեղադրվող Ս. Սամվելյանի, Ա. Ղափանյանի, Ռ. Փնջոյանի և Գ. Սարկիսյանի քրեական գործով դատաքննությունը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալները դատարանին միջնորդեցին դատական քննության արագացված կարգ կիրառել:
Դատարանը վերջիններիս պարզաբանեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում բողոքարկման սահմանների մասին, այդ թվում և դատաքննության արագացված կարգ կիրառելու պարագայում դատարանի կողմից նշանակվող պատժի առանձնահատկությունների վերաբերյալ:
Քանի որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում չեն ուսումնասիրվում գործի փաստական հանգամանները և չեն հետազոտվում ապացույցները, ուստի դատարանը հրապարակեց ամբաստանյալների անձը բնութագրող և վերջիններիս խնամքին գտնվող անձանց մասին տվյալներ, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
Մեղադրողը ներկայացրեց մեղարական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալները ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը և պնդեցին միջնորդությունը` դաքննության արագացված կարգ կիրառելու մասին, իսկ դատարանը բավարարեց վերջիններիս միջնորդությունը` ևս մեկ անգամ պարզաբանելով դատական քննության արագացված կարգ կիրառելու հետևանքների մասին:
ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի համապատասխան՝ ճառերով հանդես եկան մեղադրողը` դատարանին միջնորդելով ամբաստանյալների նկատմամբ կիրառել հնարավորինս մեղմ պատիժ և որպես պատժատեսակ ընտրել տուգանքը` հաշվի առնելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Պաշտպանները, համաձայնելով մեղադրողի միջնորդած պատժատեսակի հետ, միջնորդեցին դատարանից նշանակել տուգանքի նվազագույն չափ:
Վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները, ովքեր զղջացին կատարվածի համար և դատարանին խնդրեցին մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հանրային թղթակից՝ Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net