Ամանորյա սեղանի պարտադիր բաղադրիչ՝ Նրբաբլիթներ մսով
Բաղադրությունը՝
Խմորի համար՝
կաթ – 4 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 2-2.5 բաժակ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
աղ – մի պտղունց։
Միջուկի համար՝
տավարի աղացած միս – 500-600 գ,
սոխ – 1-2 գլուխ,
չորացրած կամ թարմ ծիթրոն,
մաղադանոս,
աղ, պղպեղ,
կարագ – 70 գ
Պատրաստման եղանակը՝
- Սառը կաթը լցնել էմալապատ կաթսայի մեջ, ձուն կոտրել, հարել, խառնել կաթին: Աղ ցանել, ավելացնել բուսայուղը:
- Աստիճանաբար ավելացնել նաև ալյուրը`մաղով շաղ տալով անմիջապես կաթսայի մեջ: Անընդհատ խառնել, որ գնդիկներ չառաջանան:
- Թավան լավ տաքացնել: Շերեփով այնքան խմոր լցնել թավայի մեջ, որ շերտը շատ հաստ չլինի, այլապես փաթաթելիս կպատռվի: Եթե խմորը ջրիկ է, ալյուր ավելացնել, այն պիտի թանձր շիթով հոսի:
- Խմորի մի կողմը թխվելուն պես այն շուռ տալ, թողնել, որ մյուս կողմն էլ կարմրի: Շարել իրար վրա, թողնել սառչեն:
- Միջուկի համար նախատեսված միսը լցնել թավայի մեջ, մի փոքր ջուր ավելացնել: Կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա: Երբ հեղուկը ցամաքի, ավելացնել աղացած սոխը, կարագը, կափարիչը նորից ծածկել:
- Պարբերաբար խառնելով տապակել, վերջում ավելացնել չորացրած կամ թարմ կանաչի, համեմել աղով, սև պղպեղով, խառնել: Ամեն շերտի մեջ գդալով դնել մի փոքր միջուկ, երկարուկ փաթաթել։
- Մատուցելուց առաջ տաքացնել` թեթևակի տապակելով տաք բուսայուղի մեջ։