Արտակարգ խորհրդակցություն
Քիչ առաջ Լոռու մարզի Henaran.am-ի թղթակիցը փոխանցեց , որ “Վանաձոր Քիմպրոմ” ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը խորհրդակցություն է հրավիրել, որը փակ է լրագրողների համար: Հիշեցնենք, այսօր առավոտյան, ժամը 9:40 րոպեին պայթյուն է տեղի ունեցել ‘’Վանաձոր քիմպրոմ’’ ՓԲԸ-ում, որի հետեւանքով մահացել է 22-ամյա Դավիթ Արայիկի Ասատրյանը: Վիրավոր Արթուր Համբարյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես մեր թղթակցին փոխանցել է Լոռու մարզային ոստիկանապետ Անուբախ Համբարյանը, ոստիկանությունն առայժմ պայթյունի կապակցությամբ քրեական գործ չի հարուցել: Ոստիկանության փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել գազի արտադրամասում, որտեղ գազի բալոն է պայթել: Աշխատակիցները մեր թղթակցին ասել են, որ ամենայն հավանականությամբ պայթյունը անփութության հետեւանքով է եղել:
Նկատենք, որ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Հրաչ Անտոնյանը Henaran.am-ի թղթակցին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել ամոնիակի արտադրամասում:
17:36
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. ”Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ ”Վանաձոր-Քիմպրոմ” ՓԲԸ տարածքում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող ”Վանաձոր-Քիմպրոմ” ՓԲԸ գազի արտադրամասում ամոնիակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):
Կատարվում է նախաքննություն”: