Մեղադրվում է ՊՆ արխիվի պետը
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր սկսվում է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվի պետ Համբարձում Փխրիկյանի քրեական գործով դատավարությունը։
ՊՆ կենտրոնական արխիվի պետ, Երևանի բնակիչ Հ. Փխրիկյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարած խարդախության համար: Քրեական գործի քննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա հանդիսանալով հիշյալ արխիվի պետ, քաղաքացիական ծառայող, օգտագործելով իր դիրքը, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ N զորամասի ենթասպա Ռուզաննա Աբրահամյանի հետ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Կամո Հովհաննիսյանի որդուն՝ Տիգրան Հովհաննիսյանին, զինվորական կոմիսարիատում հաշվառելու պատրվակով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով պահանջել, ստացել ու հափշտակել է խոշոր չափերով՝ 1 900 000 դրամ գումար։
Վերոնշյալ քր. գործով, ՀՀ քրեական օրենսգրքի նույն` 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Ռուզաննա Աբրահամյանին այն բանի համար, որ հանդիսանալով N զորամասի ենթասպա, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետ Համբարձում Փխրիկյանի հետ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, նույն պատրվակով ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով պահանջել, ստացել ու հափշտակել է խոշոր չափերով՝ 1 900 000 ՀՀ դրամ գումար։
Նյութը՝ ՛՛Փաստիֆո՛՛-ի