24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոչը ևս մեկ անգամ ուղղված է հենց Ադրբեջանին․ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը Բելգրադում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի արդյունքների վերաբերյալ

Հարց. Պարոն նախարար, կներկայացնե՞ք երեկ համանախագահների հետ Ձեր հանդիպման արդյունքները, և նաև մի փոքր մանրամասնեք՝ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված:

Էդվարդ Նալբանդյան. Թե հանդիպումը, թե այն հայտարարությունը, որն ընդունվել է, նույն բովանդակությունն ունեն։ Արդեն հայտարարությունից հետո կարող եմ անդրադառնալ հենց դրան, որի դրույթների շուրջ հենց հանդիպման ընթացքում ենք քննարկում ունեցել:

Ինչի՞ մասին են խոսում եռանախագահները: Այն մասին, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Մի քանի անգամ անդրադառնում են դրան իրենց հայտարարության մեջ և կոչ են անում կողմերին վերահաստատել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը:

Համանախագահները դա արել էին բազմաթիվ անգամներ: Եթե դուք հիշում եք, ոչ միայն եռանագահ երկրների արտգործնախարարները, նաև՝ Նախագահները, Էննիսկիլենի հայտարարության մեջ այդպիսի կոչ էին արել, և րոպեներ անց Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը: Մենք այդպես էլ չլսեցինք Ադրբեջանին, թե իրենք ինչ են կարծում: Եվ, ըստ այդմ, կոչը ևս մեկ անգամ ուղղված է հենց Ադրբեջանին:

Միջնորդները ասում են, որ կողմերը (միջնորդներ են, այդ պատճառով են «կողմեր» ասում) պետք է փարատեն այն տպավորությունը, որ լուրջ չեն վերաբերվում միայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությանը: Պարզ է, թե ում է ուղղված այդ կոչը: Իսկ ո՞վ է սպառնում ուժ կիրառել, ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը. երբևէ: Դուք մամուլն եք ներկայացնում, գիտեք, որ այդպիսի բան չի եղել: Հակառակ կողմն է անում այդ ամենը:

Եռանախագահները նաև կողմերին կոչ են անում տալ իրենց համաձայնությունը՝ միջադեպերի և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Դուք գիտեք, որ ի պատասխան Նյու Յորքում արտգործնախարարների վերջին հանդիպման արդյունքում եռանախագահների հերթական կոչին (համանախագահների կողմից բազմաթիվ անգամ է նման առաջարկ արվել)՝ մենք մեր կողմից վերահաստատեցինք, որ՝ այո, մենք համաձայն ենք այդ մեխանիզմի ստեղծմանը: Իսկ Ադրբեջանը, փաստորեն, մերժեց: Եվ հենց եռանախագահների կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ նշվեց այդ մասին, որ կոչ են անում Ադրբեջանին նույնպես համաձայնել, որ Հայաստանը համաձայնել է դրան:

Եռանախագահները իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Պարզ չէ՞: Ասվում էր, չէ՞, որ ադրբեջանական կողմն է վերջերս սկսել կիրառել ծանր հրետանի, ուրեմն դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը:

Եվ վերջապես, համանախագահները ևս մեկ անգամ դժգոհություն են հայտնում այն սուր քննադատությունների կապակցությամբ, որոնք ուղղվում են եռանախագահների հասցեին: Ու՞մ կողմից: Հայաստանը երբևէ քննադատե՞լ է:

Ես երեկ լիագումար նիստին իմ ելույթում էլ ասացի, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահներին։ Համանախագահները նաև ասում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատասխանատվությունը եռանախագահների վրա դնելու փորձերը փորձ է կոծկել քաղաքական կամքի բացակայությունը: Ու՞մ. Ադրբեջանի:

Այսինքն՝ ամեն ինչ ակնհայտ է։ Կարծում եմ՝ եռանախագահները ճիշտ շեշտադրումներ են արել: Խոսքը գնում է այն մասին, թե որքանով Ադրբեջանը կլսի այդ շեշտադրումները և որքանով Ադրբեջանը ադեկվատ ձևով, այսինքն՝ համարժեք կըմբռնի, թե միջազգային հանրությունը ինչ է ասում։ Որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այն միակ ձևաչափն է, և այդ մասին ևս ասվեց երեկվա հայտարարության մեջ, որն ունի միջազգային մանդատ։ Այն տրված է ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից, ու նաև, ինչպես իրենք են ասում՝ վայելում է կողմերի աջակցությունը: Եթե կողմերից մեկը մշտապես քննադատում է, արդյո՞ք նրանք աջակցում են: Իհարկե ոչ, և դրանով հարցականի տակ են դնում:

Հուսով ենք, որ եռանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների այս հայտարարությունն իր կարևոր նշանակությունը կունենա՝ բանակցային գործընթացն առաջ շարժելու տեսանկյունից։

Երեկ նաև հայտարարվել էր, որ պատրաստվում է բարձր մակարդակի, այսինքն՝ Նախագահների մակարդակով հանդիպում, որը շուտով՝ դեկտեմբեր ամսին, կայանալու է։

Դեռ պաշտոնապես չի հայտարարվել անցկացման վայրը և օրը: Դա պատշաճ կերպով կարվի՝ ըստ կողմերի համաձայնության։ Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս, չեմ կարող ասել, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության՝ կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին:

Հարց. Պարոն նախարար, հայտարարությունից հետո շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Թուրքիայի վարչապետը Բաքվում հայտարարեց, որ՝ մինչև վերջին սանտիմետրը չազատագրվի, ինչ էլ Ադրբեջանն անի, մենք նրա կողմն ենք: Դրանից հետո գիշերը եղել է դիվերսիա, և մեկ զոհ ունենք: Սա…

Էդվարդ Նալբանդյան. Թուրքերի հայտարարությունների վերաբերյալ չեմ կարծում, որ պետք է զարմանալ, հատկապես մեր մամուլի կողմից։ Որևէ նորություն դրանում չկա:

Այն, որ դիվերսիան երեկ եղավ, ես, մեկ փակագիծ էլ բացելով ասեմ, որ եռանախագահների հետ հանդիպման ժամանակ նշեցի՝ ամեն ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանցիները նվազեցնում են լարվածությունը, ինչը միշտ արել են, յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին, յուրաքանչյուր ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդից առաջ: Եվ երբ հայտարարությունը ընդունվում է, անմիջապես հետևում է լարվածության աճ, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների:

Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, խաղաղ ճանապարհով կարգավորել։ Սա էլ Բաքվի պատասխանն է:

Այսօր, օգտվելով առիթից, որ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ, կարող եմ ասել, որ՝ այո, Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ բանակցությունների միջոցով, միայն խաղաղ ճանապարհով, ինչպես և կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը, գնալ հիմնախնդրի կարգավորմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ