Տրակտորների քարոզչական աջակցության կարիքը չկա. Ժամանակ
“Ժամանակ”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանված տրակտորները: Ընդհանրապես ԲՀԿ-ն այդ նախըտրական տրակտորները քարոզչության էր “գործուղում” հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում:
Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին: ԱԺ ընտրություններից հետո այդ տրակտորները “մասնակցեցին” աշնանային ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին եւ մեծ մասամբ նորից հետ տարվեցին: Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ:
Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել եւ չի պաշտպանելու որեւէ թեկնածուի: Այսինքն՝ այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա: Երեւանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետեւ ՀՀ մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա: