Եզդիները գոհ ու շնորհակալ են Սերժ Սարգսյանին
Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը միության անունից այսօր կոչ արեց Հայաստանի ողջ եզդիներին` փետրվարի 18-ին բոլորը մեկ մարդու նման գնան եւ իրենց ձայնը տան գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:
“2013 թվականի հունվարի 14-ին տեղ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունը բերեցին միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում կար մեկ հարց` միության եւ նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթում հանդես եկան միության բոլոր կառույցների ներկայացուցնիչները եւ միաձայն որոշեցին կոչ անել` սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը”,-ասաց նա: Թամոյանը մեկ անգամ եւս ասաց, որ իրենք միշտ իշխանության կողքին են եղել:
Նրանք շնորհակալ են Սերժ Սարգսյանին, քանի որ ՀՀ նախագահը թույլ է տվել եզդիական համայնքին զարգացնել իր մշակույթը Հայաստանի տարածքում: “Եզդիներն ունեն տպագիր մամուլ, ռադիոհաղորդում մայրենի լեզվով, ստեղծել ենք այբբենարան, տպագրել ենք եզդիերեն լեզվով դասագրքեր ու գեղարվեստական գրքեր…”,-ասաց եզդիների ղեկավարը: