Դուք մարդիկ եք, ովքեր բարձր են պահում մեր Հայրենիքի պատիվը. Սերժ Սարգսյան
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ բարձրաստիճան զինվորականների հետ այսօր “Տիգրանակերտ” զորավարժարանում հետեւել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին:
Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգեւներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը զինծառայողների առջեւ հանդես է եկել ելույթով: Նախագահը շնորհավորել է նրանց՝ հաջող զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ եւ գոհունակությամբ ընդգծել, որ այն, ինչ այսօր ցուցադրեցին հայկական բանակի մարտիկները, հպարտությամբ ու հրճվանքով է լցնում իր սիրտն ու հոգին եւ արժանի է գնահատանքի ու շնորհակալության:
“Ես մտովի պատկերացնում եմ ձեր ծնողների, ձեր քույրերի ու եղբայրների, ձեր կանանց ու նաեւ ձեզ սպասող աղջիկների հպարտության աստիճանը: Դուք մարդիկ եք, ովքեր բարձր են պահում մեր Հայրենիքի պատիվը, իրենց ուսուցիչների պատիվը, ովքեր, միգուցե, առաջին հերթին բարձր են պահում իրենց ծնողների պատիվը”,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ զինվորների կամքն ու ոգին, վարպետությունը, մարտական մակարդակի աճն անձամբ իրեն պարտավորեցնում են, որպեսզի երբեք եւ որեւէ պարագայում հայկական բանակը եւ մասնավորապես, պաշտպանության բանակը որեւէ նյութական ռեսուրսի կարիք չունենա: “Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը եւս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետեւ այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք: Բնականաբար, ունենալով դաշնակիցներ, բարեկամներ, բոլորդ պետք է իմանաք, որ օգնում են նրանց, ովքեր կարող են իրենց պատիվը պաշտպանել: Իմ սերունդը կատարել է իր պարտքը, երբ դրա անհրաժեշտությունը կար: Վստահ եմ, որ դուք մեզնից ավելի լավ եք դա անելու: Վստահ եմ, որովհետեւ դա տեսնում եմ: Տեսնում եմ, որ ձեր հրամանատարները ավելի գրագետ են, քան մենք էինք: Տեսնում եմ, դուք շատ ավելի պատրաստված եք, քան ժամանակին մեր զինվորներն էին: Դուք ձեր գործը փայլուն կատարեցիք այսօր:
Տեսնում եմ զգալի աճ, ինչը շատ կարեւոր է, եւ այն պետք է լինի շարունակական: Ես դրանում չեմ կասկածում: Յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր ապրած տարիներին ինքնադրսեւորվելու: Եվ այդ ինքնադրսեւորումը պետք է գնահատվի Հայրենիքի կողմից, պարզ մարդկանց կողմից, պետք է գնահատվի պաշտոնյաների կողմից: Ես վստահ եմ, որ ձեր առաջին եւ ամենամեծ գնահատողը ժողովուրդն է: Դուք ելել եք ժողովրդի ծոցից եւ ունեք այդ ժողովրդի եւ՛ շնորհակալության, եւ՛ գնահատանքի կարիքը: Այն, ինչ այսօր դուք ցուցադրեցիք, իրոք, արժանի է շնորհակալության: Դուք գնալով հզորանում եք, պաշտպանության բանակը ձեռք է բերում ոչ միայն փորձ, ոչ միայն ժամանակակից սպառազինություն, այլ նաեւ վերակառուցվում է: Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել”,-ասել է ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը եւ վստահեցրել, որ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանվել եւ այսուհետ էլ պաշտպանվելու են այնպես, ինչպես զինվորներն են այսօր կատարում իրենց գործը: