Ովքեր են ահաբեկչության մեջ մեղադրվողների ծնողները. Ժամանակ
Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-Ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալանավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 անդամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահաբեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչեւ հիմա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ` Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համագյուղացիներ եւ բնակվում են Արմավիրի մարզի Արեւիկ գյուղում: Ավելին` 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համադասարանցիներ:
Խոսում ես այս մարդկանց ծնողների, հարազատների ու համագյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ովքեր մինչեւ վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդամենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:
Արթուր Եղիազարյանը նրանցից ամենաերիտասարղն է` 34 տարեկան, եւ միակ բարձրագույն կրթություն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երեւանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել վերադարձել է գյուղ եւ զբաղվել այգեգործությամբ: Նրանց տան բակում հավաքվել են 20-ի մոտ համագյուղացիներ` կանայք տանն են, տղամարդիկ` բակում: Արթուրի հայրը` Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:
Ջորիկն ասում է, որ որդին` Արթուրը, վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներկայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող եւ տղան նրա մոտ ընդունվել է աշխատանքի որպես բանվոր: Փորձել են խաղող արտահանել չի ստացվել, բայց 60 տոննա կարտոֆիլ են գնել եւ արտահանել Ռուսաստան:
«Այդ կարտոֆիլից մի պարկ էլ մեզ է բաժին հասել տղաս ասաց, որ Արթուրն է 3 հազար դրամ տվել եւ գնել Սիսիանից, ու տվել իրեն, որ տուն բերի», – պատմում է Ջորիկը:
Վաղինակ Ստեփանյանի տան պատերի սվաղը ներսից քանդվել է, ու երևում է, որ տունը չի վերանորոգվել խորհրդային տարիներից: Վաղինակի կինը արտասվում է ու չի ուզում խոսել, իսկ մայրը հանգստացնում է նրան: Վաղինակն իրենց ասել է, որ գնում է Ղարաբաղ, իրենք էլ հավատացել են:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: