Ոչ մի լավ բան վարորդների համար. Իրավունք
Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «ճանապարհային երթեևեկության անվտանգության ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաների տեխզննման անցկացումը առաջարկվում էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվեարկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Բաբուխանյանը:
Քվեարկությունից առաջ ՕԵԿ պատգամավոր Հ. Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, քանի որ «անտեղի թուղթ է վաճառվում ժողովրդի վրա», ուստի հեղինակներն առաջարկում են, ոչ թե այսօրվա նման ամեն տարի վարորդներից չեղած տեխզննման գումարներ կորզել, այլ իրական տեխզննում անցկացնել 3 տարին մեկ անգամ:
Նշենք, որ նախագիծը դեռ Աժ Պաշտպանության հանձնաժողովում չի արժանացել հավանության՝3 դեմ, 3 կողմ ձայներով: Ի դեպ հանձնաժողովի քննարկմանը ոչ բոլոր հեղինակներին են հրավիրել: Մեզ հետ զրույցում պատգամավոր Հայկ Բաբուխանյսւնն ասաց, որ իրեն հրավեր չի եղել քննարկմանը մասնակցելու, որտեղ նա ասելիք ուներ: Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հանձնաժողովի նիստը սկսելուց 20 րոպե առաջ են տեղեկացրել իր մասնակցության մասին: Ավելին, ըստ Մարուքյանի, նա տեղում է իմացել, որ հանդիսանում է այս նախագծի հարակից զեկուցողը: Ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ցանկություն չի ունեցել մանրակրկիտ քննարկում անցկացնել:
Կառավարության անունից հարցին մերժողական դիրքորոշում հայտնեց ՀՀ Ոստիկանությունը, սակայն այստեղ էլ հեղինակների հետ քննարկման համար ժամանակ չգտան:
Այնպես որ, շուրջ 1,5 տարի օրակարգում գտնվող նախագծի քննարկումը կոծկվեց: Նկատենք, որ հարցը քվեարկելուց առաջ վարման կարգով հանդես եկող ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը դեմ չարտահայտվեց նախագծի գաղափարին, սակայն ասաց, որ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի, քանի որ կառավարությունը մի մեծ գլոբալ փաթեթ է նախապատրաստել ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի շուրջ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: