Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012 թվականի մարտական եւ զորահավաքային պատրաստության, զորքերի ու շտաբերի օպերատիվ եւ մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2013 թվականի ուսումնական տարվա խնդիրները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում անդրադարձել է անցնող տարում սահմանագծի շարունակական ամրապնդման, մարտական հերթապահության կատարելագործմանն ուղղված քայլերին, 2012 թվականի գարնանային եւ աշնանային զորակոչերի ընթացքում գրանցած առաջընթացին: Անցնող տարվա կարեւոր միջոցառումների թվում առանձնացվել են ՀՀ տարածքում անցկացված երեք խոշոր զորավարժությունները` ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հուլիս ամսին անցկացված ռազմաքաղաքական փուլը, սեպտեմբեր ամսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ “Փոխգործակցություն-2012” զորավարժությունը, հոկտեմբեր ամսին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների`զինված ուժերի կիրառման փուլը եւ դրա շրջանակներում անցկացված մարտավարական զորավարժությունները:
Հրամանատարաշտաբային զորավարժության ռազմաքաղաքական փուլը հատկապես կարեւորվել է համաժողովրդական բանակ գաղափարի ձեւավորման առումով: Այդ զորավարժությանը մասնակցել են պետական բոլոր կառույցները եւ գերատեսչությունները: Նախարարը կարեւորել է նաեւ զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված մեթոդական պարապմունքները, հավաքները: Բոլոր այս միջոցառումները անցկացվել են բարձր մակարդակով եւ մեծ դեր են կատարել գործնական ունակությունների ու հմտությունների կատարելագործման առումով: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, մի շարք վարչությունների պետեր:
Տարվա ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաեւ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն զորամասերին Սեյրան Օհանյանը կոլեգիայի նիստի ավարտին պարգեւատրել է պատվոդրոշներով: Մի շարք զորամասերի հրամանատարներ եւ զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի եւ արժեքավոր նվերների: