26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մտապահեք ձեր ամանորյա երազանքը եւ էթիկետը

Ամանորյա գիշեր՝ լի հրաշքներով և կախարդանքի սպասումով

Նոր տարվա գիշերը յուրաքանչյուր կին ձգտում է սեղանի շուրջ գեղեցիկ, տոնական մթնոլորտ ստեղծել. ասում են՝ ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակվի: Ամանորյա սեղանը պետք է յուրահատուկ լինի, քանի որ դրանով բացվում է տարին, այն նաև գալիք տարվա առատության, հաջողության խորհրդանիշն է:

Սեղանն ամբողջանում է ոչ միայն համեղ ուտեստների բազմազանությամբ, այլև գեղեցիկ սպասքադրումով: Յուրաքանչյուրը կարող է ամանորյա սեղանը սպասքադրել և ձևավորել ըստ ճաշակի, սակայն սեղանի ճիշտ և գեղեցիկ զարդարանքը խոսում է կնոջ անհատականության և ճաշակի մասին:

Հյուրասիրության չգրված կանոններ
Սեղանի շուրջ հարմարավետ զգալու համար մեծ նշանակություն ունի սպասքի առարկաներից օգտվելու եղանակի իմացությունը: Պետք չէ զարմանալ, երբ ներկա գտնվելով որևէ պաշտոնական միջոցառման, մեկ անձի համար նախատեսված մեկ ափսեի փոխարեն, սեղանին երեքը և ավելին եք տեսնում: Դա ո՛չ ավելորդություն է, ո՛չ էլ ճոխություն: Սպասքադրման հիմնական նպատակը սեղանի մաքրությունն ու հաճելի տեսքն ապահովելն է:

Ըստ հյուրերի թվաքանակի, հավասար հեռավորության վրա, սեղանի եզրերին մոտ, շարվում են փոքր ու մեծ ափսեները: Մեծ ափսեների վրա դրվում են միջին մեծության՝ նախուտեստի ափսեները: Բաժակները տեղադրվում են ափսեի առջևի մասում: Յուրաքանչյուր ափսեի աջ կողմում դրվում են գդալ և դանակ, ձախ կողմում՝ պատառաքաղ: Ուտելիս դանակը պահում են աջ ձեռքում, պատառաքաղը` ձախ: Ամեն ափսեի կողքին պետք է լինի 4 տեսակի բաժակ. փոքրիկ` թունդ ըմպելիքների համար, գավաթ` գինու, առանձին գավաթ` շամպայնի և երկարավուն գավաթ` հանքային ջրերի ու մրգահյութերի համար:

Հատկապես կարևոր է ամանեղենի և սփռոցի մաքրությունը: Մեր օրերում պարտադիր չէ պահպանել սփռոցի ավանդական սպիտակ գույնը, այն կարող է լինել հաջորդ տարվա խորհրդանիշ գույնով: Կարող եք նաև օգտագործել նրբերանգ, տոնական սփռոցներ: Գեղեցիկ է, երբ սփռոցի ծայրերը կախված են: Գինին սեղանի վրա պետք է դնել՝ խցանը հանած: Շիշը պետք է մաքուր լինի, իսկ շշի բերանին անձեռոցիկ փաթաթեք: Օղին նախընտրելի է մատուցել գրաֆինով:

Շամպայնը և գազավորված խմիչքները մատուցվում են փակ վիճակում: Ուտելն ավարտելուց հետո դանակն ու պատառաքաղը պետք է դնել ափսեի մեջ. դա նշանակում է, որ դուք ավարտել եք ուտելը, և տանտիրուհին կարող է վերցնել ափսեն:

Միշտ սեղանին մեկ ափսե ավելին դրեք, մի՛ մոռացեք խորհրդավոր հյուրի՝ Ձմեռ պապի մասին: Ասում են՝ այս տարի նա ավելի առատաձեռն է լինելու… 

“Ամանորյա անձեռոցիկներ”

Անձեռոցիկ օգտագործում էին դեռևս հին հռոմեացիները: Սկզբում օգտագործում էին միայն կտորե անձեռոցիկներ, սակայն դրանք տարածում չգտան, քանի որ հասարակական վայրերում դրանց գործածումը հակահիգիենիկ էր և նպաստում էր բազմապիսի հիվանդությունների տարածմանը: 19-րդ դարի վերջին տարածում գտան թղթե անձեռոցիկները: Սակայն մինչ օրս էլ կտորե անձեռոցիկները կիրառություն ունեն, ավելի հաճախ, որպես սեղանը զարդարելու միջոց: Անձեռոցիկների գույնը պետք համապատասխանի սփռոցին:

Ծալած անձեռոցիկը դնում են ափսեի մեջ կամ դրա ձախ կողմում: Ամանորին ընտրեք ավելի տոնական և փայլուն անձեռոցիկներ: Իսկ անձեռոցիկներին հագցված օղակները կարող են լինել տոնածառի խաղալիքների կամ տոնական փայլերի տեսքով: Նոր տարվա սեղանը գեղեցիկ է, երբ զարդարված է լինում եղևնու և սոճու ճյուղերով:

“Տոնական մոմերի առեղծվածը …”
Եթե ցանկանում եք ձեր սեղանին խորհրդավորություն տալ, անկյուններում վառվող մոմեր դրեք: Մոմերն ընտրեք տարվա խորհրդանշական գույներով` նարնջագույն, սև բծերով: Ըստ ճաշակի կարող եք ընտրել նաև գունավոր, փայլերով, աստղաձև, կլոր կամ էլ լողացող մոմեր (թափանցիկ տարայում` ջրի վրա):

“Շնորհակալություն, շատ համեղ էր”

Տանտիրուհիները հաճախ են բողոքում նախատոնական հոգսերից. “Նորից եկավ այս Նոր տարին”: Բայց, միևնույն է, նրանք ցանկանում են զարմացնել մտերիմներին բազմազան ուտեստներով և սեփական բաղադրատոմսերով.

“Փորձեք իմ պատրաստածից, ոչ մի տեղ համտեսած չեք լինի”: Մի ստիպեք մարդկանց, եթե նրանք չեն ցանկանում ուտել: Միևնույն է, քաղաքավարությունից ելնելով, եթե նույնիսկ համեղ չլինի, ասելու են. “Շնորհակալություն, շատ համեղ էր”:

Տանտիրուհու համեղ կերակուրները համտեսելիս՝ մի մոռացեք բերանը փակ ծամելու և անաղմուկ ուտելու մասին: Լիքը բերանով չեն խոսում և չեն ծիծաղում:

“Անսպասելի նվեր”
Հյուր գնալիս տանտիրոջ կամ տանտիրուհու անհատականությանը համապատասխան նվեր ընտրեք: Իհարկե, հաճելի է շոկոլադ նվեր ստանալը, բայց ոչ ավանդական “բոնբոներկայի” տեսքով, որը հաճախ որպես նվեր կրկին վերադառնում է նրան, ով նվիրել էր: Ամանորյա նվերը պարտադիր չէ, որ թանկ լինի, կարևորը ստացողին ուրախություն պատճառելն է: Մեկ ամանորյա բացիկն ավելի հաճելի է, քան ավանդական “բոնբոներկան”:

“Բարով եք եկել…”

Առանց նախազգուշացման այցի գնալով՝ կարելի է գլխի ընկնել, թե ինչպես են վերաբերվում ձեզ, քանի որ դուռը բացող մարդու դեմքի արտահայտությունից պարզ է դառնում՝ ցանկալի՞ հյուր եք, թե՞ ոչ: Իհարկե, շատ ավելի հաճելի է անկեղծ ուրախություն կարդալ տանտիրոջ աչքերում և ոչ թե պարզապես լսել քաղաքավարությունից դրդված ու հազիվ արտաբերված բառերը. “Շատ հաճելի է, ներս եկեք խնդրեմ”:

Հիշեք, չնայած Ամանորին թույլատրելի են անակնկալ այցելությունները, բայց, ամեն դեպքում, լավ կլինի շատ ուշացած այցից առաջ ժամացույցին նայեք. գուցե մարդիկ արդեն քնե՞լ են: Իսկ եթե հրավիրված և ցանկալի հյուր եք, հիշեք, որ ամանորյա գիշերը մարդիկ փորձում են կտրվել կենցաղից ու բազմաթիվ հոգսերից, հետևաբար, եթե նույնիսկ վատ տրամադրություն ունեք, այն հեռու վանեք, ժպտացեք: Առավել ևս, եթե մարդիկ շատ ուրախ են ձեզ հյուրընկալելու համար, չափն այնքան չկորցնեք, որ հասցնեն ձանձրանալ, մի՛ չարաշահեք տանտիրոջ համբերությունը և հեռացեք ժամանակին:

“Դու մեզ չես հարգում, կնեղանանք, չէ՞… Նոր եք եկել, արդեն գնու՞մ եք”

Իսկ եթե հակառակն է և հյուրերից մեկը ցանկանում է շուտ հեռանալ, մի՛ ստիպեք նրան երկար մնալ: Եթե ուզում է հեռանալ, հավանաբար պատճառ ունի դրա համար: 

“Նոր տարի, գալդ բարի”

Հայկական կենացների ջերմությանն ու բաժակաճառերի առատությանը չես հանդիպի որևէ այլ երկրում: Սակայն Նոր տարվա գիշերը փորձեք դրանք ամփոփել գալիք տարվանից սպասվող ակնկալիքների մաղթանքներով: Շնորհավորանքը պետք է լինի հակիրճ և բովանդակալից: Բաժակը բաժակին զարկելիս պետք է նայել միմյանց աչքերի մեջ:

Շամպայնի բաժակը պետք է բռնել ստորին հատվածից: Կենաց խմելիս պետք է բաժակները լցված լինեն և բաժակաճառից հետո բաժակի տարողությունը պետք է խմել մինչև վերջ: Բայց մի՛ կորցրեք չափի զգացողությունը, որպեսզի տուն վերադառնալիս, ինչպես հայտնի ֆիլմում, չհայտնվեք ուրիշի բնակարանում:

“Երնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին…”

Երբ ժամացույցի սլաքները կխփեն տասներկուսը` մտապահեք Ձեր ամանորյա երազանքը. այն անպայման կիրականանա: Մոռացեք նախորդ տարվա բոլոր անհաջողություններն ու դժվարությունները, քանի որ դրանք արդեն անցյալում են, և հավատացեք, որ Ձեզ լուսավոր, հաջողություններով լի տարի է սպասվում:

աղբյուրը՝ erkusov.com

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ