Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում /ֆոտո/
Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հովանու ներքո գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետներ, տեղական և մարզային իշխանությունների, Լեհաստանի Վարշավա, Էլբլոնգ, Լոդձ, Վորցլավ, Պոզնան և այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ Պատարագը մատուցվեց Արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի ձեռամբ, որի ընթացքում հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն ելույթով հանդես եկավ:
Արարողությունից հետո ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով շնորհակալություն հայտնեց արարողության բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին իրենց աղոթքների և համամարդկային 100-ամյա ողբերգության հանդեպ իրենց հարգանքի և մարդկային վերաբերմունքի համար: Դեսպանը ծաղիկներ զետեղեց Կլեբարկի եկեղեցու առջև տեղադրված հայկական խաչքարի, ինչպես նաև Հռոմի Սուրբ Հովհաննես Երկրորդ Պապի արձանի առջև:
Նույն օրը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը և հայկական մշակութային ժառանգության թեմայով գիտական քննարկում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը և Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Հայր Հենրի Բուաշչեկը:
Օրվա խորհրդով, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Մալթայի ասպետների ասոցիացիայի կողմից թողարկվել է հատուկ նամականիշ և փոստային բացիկ, որը բաժանվել է արարողության բոլոր մասնակիցներին: