Գյուղնախարարը գնահատեց
՛՛Երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը, 2011 թվականի տվյալներով՝ կազմել է 20.2 %, 2010 թվականի 17 %-ի դիմաց: Ընթացիկ տարվա միտումները վկայում են, որ կպահպանվի և որոշակիորեն կավելանա երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության բարձր տեսակարար կշիռը և այն կանխատեսվում է 20.3-20.4 %:
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի անցած ամիսներին նկատելի են էական դրական տեղաշարժեր՛՛,-այսօր կառավարության նիստում ասաց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կարևորվում է գյուղատնտեսության հիմնական ռեսուրսի` հողային ռեսուրսների մասնավորապես նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը, մասնավորապես ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է 303.6 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Արդյունքում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. հասել է 67.6 %-ի, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Ընթացիկ տարում ցանքատարածությունները գերազանցում են 2011թ. մակարդակը 16.9 հազ. հա-ով:
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 787.8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը 8.3 %-ով: