Խուսափեք հետտոնական սթրեսից.խորհուրդներ հոգեբանից
Ամանորից հետո սթրես են տանում նրանք, ովքեր ամանորից շատ բան են ակնկալում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նոր տարվա գաղափարի մեջ տարվա ամփոփման խորհուրդն է դրված: “Դա կյանքի, անցյալի ու ապագայի միջև ինչ-որ մի սահման է ընդգծված, և բնականաբար նոր տարուն մարդիկ մոտենում են այդ սահմանին ու հետ են նայում` ինչն էր լավ, ինչն էր վատ, ինչ նպատակներ են կատարել, որ ցանկություններն են իրագործել”:
Հոգեբանը սա բնական է համարում: Անբնական է միայն այն, որ շատերն ամանորին վերաբերում են ոչ որպես տոն, այլ միամտորեն հավատում են, որ նոր տարին միայն լավն է բերելու: ”Չափից դուրս են մոտենում տոնին, ուռճացված են վերաբերում այդ նորին, ինչին հաջորդում է հիասթափությունն ու սթրեսը, եթե չի իրականանում ցանկությունը”:
Այս ամենից խուսափելու համար Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս դուրս գալ տնից, զբոսնել կամ շփվել հաճելի մարդկանց հետ: Բացի դա հարկ է ուղղակի նոր տարին ընկալել որպես հաճելի, ընտանեկան տոն և մի քանի օր կտրվել առօրյա հոգսերից ու փոքր-ինչ հանգստանալ: