Վթարված իրանական ավտոբուսի մեկ տուժող տեղափոխվել է Իրան
Երեկ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, Արեւիկ գյուղի մոտ տեղի ունեցած “ՍԿԱՆԻԱ “ մակնշի 39 A 68910 իրանական ավտոբուսի վթարի արդյունքում մահացել է Իրանի քաղաքացի, 22-ամյա Մեհդատթ Սեիդ Նաջաթը: Մնացած տուժածները, որոնց մեջ կան Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ տեղափոխվել են Մեղրու հիվանդանոց: Ծայրահեղ ծանր վիճակում էր իրանցի տուժողներից մեկը, որը երեկ գիշերը սահմանապահների ուղեկցությամբ հասցվել է սահմանագիծ եւ հանձնվել մյուս կողմից:
Այս մասին Henaran.am-ին ասաց Մեղրու տարածաշրջանի գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով, ներկայումս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված է 19 մարդ: 6 հոգու ցույց է տրվել առաջին բուժօգնություն, նրանք ամբուլատոր բուժում են ստանալու:
Մինչ տուժածներին Իրան տեղափոխելը, նրանք համապատասխան բուժում կստանան Մեղրիում, բժշկական կենտրոնը ապահովված է անհրաժեշտ պարագաներով:
Ի դեպ, ավտոբուսի մեջ գտնվող Հայաստանի քաղաքացինեը Էջմիածնից են: Դեռ պարզ չէ վթարի պատճառը, ենթադրվում է, որ մերկասառույցի պատճառով է ավտոբուսը դուրս եկել երթեւեկելի մասից ու գլորվել Մեղրի գետ: