Արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները
Այսօր ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովը, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ասել է.
«Նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրանց համապատասխան ստորաբաժանումների հետ:
Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով: Նշեմ դրանցից հիմնականները:
«Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագիրը,
«Գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիրը:
Այս ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը:
Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2015 թվականին, ըստ օպերատիվ տվյալների, գերազանցել են նախորդ տարվա մակարդակը շուրջ 8 %-ով և կազմել 637.0 հազ. տոննա: Ցորենի արտադրության ծավալները կազմել են շուրջ 373.0 հազ. տոննա` 2014 թվականի 338 հազ. տոննայի դիմաց, գրանցվել է 10.5 % աճ:
Ծրագրերի իրականացումն իր դրական ազդեցությունն է ունեցել ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման վրա: Այդ ցուցանիշը 2014 թվականին կազմել է շուրջ 50.0 %, 2010 թվականի 33.5 %-ի դիմաց»: