Փաստաբանին դաժանաբար սպանել են քրոջ աղջկա համար. «Ժամանակ»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը կատարվել էր մոտ 3 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին:
Դատական քննության ավարտական փուլում ամբաստանյալի տեղում երկուսն էին՝ 35-ամյա Արտակ Վերանյանը և 33-ամյա Սամվել Դիլոյանը:
Մինչ այդ՝ գործով մեղադրողները հրաժարվել էին այս գործով երրորդ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքներից՝ դիտավորյալ սպանության ու խմբի կողմից կատարված խուլիգանության համար:
Մեղադրողները հրաժարվել էին նաև ամբաստանյալներ Արտակ Վերանյանին ու Սամվել Դիլոյանին խուլիգանության համար առաջադրված մեղադրանքներից:
Մեղադրողների հրաժարումից հետո 2015 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Արեն Վերանյանը դատարանի կողմից ճանաչվել էր անմեղ, արդարացվել էր ու անհապաղ ազատ էր արձակվել դատարանի դահլիճում:
Ամբաստանյալի աթոռին մնացած երկու ամբաստանյալները՝ Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանն արդարացվել էին խուլիգանության համար առաջադրված մեղադրանքում: Նրանք մեղադրվել էին միայն դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Վերանյանը համակրել է մի աղջկա, բայց վերջինս նրա հետ ընկերություն չի արել:
Աղջկա քեռին՝ փաստաբան Սամվել Շարբաթյանը, 2012 թվականի նոյեմբերի 18-ին Արտակ Վերանյանին հրավիրել է Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորան, որ պահանջի քրոջ աղջկան այլևս չանհանգստացնել:
Արտակը ժամը 14-ի սահմաններում այդ ռեստորան է գնացել եղբոր՝ Արենի հետ:
Ռեստորանի առանձնասենյակներից մեկում տեղի է ունեցել հացկերույթ, որին մասնակցել են Սամվել Շարբաթյանը, ռեստորանի տեր Էդուարդ Խլղաթյանը, աղջկա եղբայր Հայկը, Արտակ և Արեն Վերանյանները, նրանց ընկեր Սամվել Դիլոյանը, երաժիշտ Ջ. Չիլինգարյանը:
Որոշ ժամանակ անց Արեն Վերանյանը հեռացել է ռեստորանից: Մյուսները մինչև ժամը 21-ն անց 30 շարունակել են հացկերույթը, օգտագործել են ոգելից խմիչքներ:
Հացկերույթի ավարտին Սամվել Շարբաթյանը խնդրել, պահանջել է Արտակից, որ իր քրոջ աղջկան նա չմոտենա ու չանհանգստացնի, մինչև աղջկա հայրը Ռուսաստանից վերադառնա:
Կարծես թե կողմերը համաձայնության են եկել:
Սամվել Շարբաթյանն ասել է, թե Երևան է մեկնելու:
Արտակ Վերանյանը հեռախոսազանգով ռեստորան է կանչել եղբորը՝ Արենին:
Ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը հայտարարել է, թե կպատժի քրոջ աղջկան նեղացնողին և հայհոյել է այն անձնավորությանը, ով կհետամտի, կանհանգստացնի աղջկան:
Սամվել Դիլոյանն ու Արտակ Վերանյանը վիրավորվել ու դիտողություն են արել Սամվելին: Բայց վերջինս կրկնել է իր պահանջը:
Վիճաբանություն է առաջացել, որը շարունակվել է ռեստորանի միջանցքում, ապա բակում:
Վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Սամվել Շարբաթյանը հայհոյել է Արտակ Վերանյանի ու Սամվել Դիլոյանի, նրանց ծնողների հասցեին:
Վերջիններս փոխադարձ հայհոյանքներ են տվել ու, ըստ մեղադրանքի, «գիտակցելով ու լրացնելով մեկը մյուսի գործողությունները, բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել, կոտրել են Սամվել Շարբաթյանի դիմադրությունը, նրան տապալել են գետնին… Սամվել Դիլոյանի՝ «սպանեք, սատկացրեք» կոչերի ներքո, հակադրվելով վիճաբանությանը միջամտած քաղաքացիներին, այնքան ժամանակ են Շարբաթյանի մարմնին, գլխին հարվածներ հասցրել, մինչև նա, փաստացի գտնվելով դիմադրելու անընդունակ, անգիտակից, գետնին ընկած վիճակում, այլևս կենդանության նշաններ ցույց չի տվել… Արտակ Վերանյանն ընթացքում օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Շարբաթյանի մարմնի տարբեր մասերին… Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը… ապօրինաբար Սամվել Շարբաթյանին զրկել են կյանքից: Երբ Շարբաթյանն այլևս կենդանության նշաններ ցույց չի տվել, Արտակ Վերանյանը Սամվել Դիլոյանի ու Արեն Վերանյանի հետ հեռացել է դեպքի վայրից…»:
Սամվել Շարբաթյանը մահացել է դեպքի վայրում՝ գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ, բութ վնասվածքներից:
Նախաքննության ժամանակ Արտակ Վերանյանն ընդունել է, որ Սամվել Շարբաթյանը մահացել է իր հարվածներից: Վիճաբանությանը ներկա է եղել միայն Սամվել Դիլոյանը, իսկ եղբայրը՝ Արենը, դեպքի վայր է եկել այն ժամանակ, երբ ինքը կրակելով հեռանում էր Շարբաթյանից:
Դատարանում Արտակ Վերանյանը հայտնել է, թե համակրել է տուժողի քրոջ աղջկան: Տուժողը զանգել է իրեն, ներկայացել է որպես աղջկա քեռի, ցանկություն է հայտնել, որ հանդիպեն:
Հանդիպել են նախ Վանաձորի «Էլդորադո» ռեստորանում, ծանոթացել են, հաց են կերել, զրուցել են: Շարբաթյանն ասել է, թե աղջկա հայրը դեկտեմբերին Ռուսաստանից վերադառնալու է, խնդրել է աղջկան չանհանգստացնել՝ մինչև հայրը վերադառնա:
Ինքը Շարբաթյանին ասել է, թե ուզում է աղջկա հետ ընտանիք կազմել, պայմանավորվել են, որ մինչև դեկտեմբեր ինքն աղջկան չի անհանգստացնի:
Շարբաթյանը Է. Խլղաթյանի հետ է գնացել, ինքը եղբոր հետ Սամվել Դիլոյանին մեքենայով տարել է տուն, իրենք էլ իրենց տուն են գնացել:
Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին, հրավիրված է եղել ընկերոջ տուն՝ մատաղի: Առավոտյան ժամը ութին գնացել է եկեղեցի, հետո ընկերոջ տուն:
Ժամը 13-ի սահմաններում Դիլոյանը զանգել ու ասել է, թե աղջկա քեռին նորից ուզում է իրեն տեսնել Խլղաթյանի «Մուշ» ռեստորանում:
Ինքն ու եղբայրը գնումներ են կատարել, գնացել են ռեստորան: Այնտեղ են եղել Սամվել Շարբաթյանը, ռեստորանի տերը, աղջկա եղբայրը, Սամվել Դիլոյանը: Նրանք սեղանի շուրջ նստած էին: Արենն իրենց հետ նստել է տասնհինգ րոպե: Նա ջերմություն ուներ, գնացել է տուն:
Հաց են կերել, ռեստորանի տերն էլ է գնացել, հետո վերադարձել է երաժիշտ Ջիվանի հետ, ով երգել է: Նորմալ մթնոլորտ է եղել:
Շարբաթյանը կոնյակ է խմել: Երբ կոնյակը վերջացել է, առաջարկել են «Մանե» կոնյակ խմել: Նա ասել է, թե դա չի խմում:
Ինքը զանգել է եղբորը, ասել է, թե հացկերույթը վերջացնում են, թող մի նորմալ կոնյակ բերի ու գա, որ իրենց տուն տանի:
Մինչ այդ՝ ցանկացել են մեքենա կանչել, որ Շարբաթյանին Երևան տանի, բայց իրենք առարկել են, ասել են, թե իրենք քեռուն Երևան կհասցնեն:
Շարբաթյանն իր հետ հեգնանքով է խոսել. «Փեսա ես ուզում դառնալ, մի հատ կոնյակ էլ չես կարողանում բերել»: Ինքն ասել է՝ շուտով կբերեն:
Շարբաթյանը հարբած էր, նա հայհոյել է, ասել է, թե իրեն աղջիկ չեն տալու, պայմանավորվածություններն ուժի մեջ չեն:
Ինքը նախատել է նրան՝ հասկանալով, որ հարբած մարդ է:
Շարբաթյանը շարունակել է հայհոյել, իրեն դուրս է կանչել:
Դիլոյանը փորձել է հարթել, ասել է՝ դուրս գալու կարիք չկա: Շարբաթյանը չի հանգստացել: Եկել է Էդիկը, ամոթանք է տվել, կենաց է ասել, խմել ու դուրս է եկել:
Բայց Շարբաթյանը նորից հայհոյել է ու իրեն դուրս է հրավիրել: Ինքը որոշել է նրա հետ դուրս գալ՝ մտածելով, թե նա դրսում կհանդարտվի, սառը օդից կսթափվի: Զրուցելով դուրս են եկել միջանցք, հետո՝ բակ:
Շարբաթյանը ավելի վատ հայհոյանքներ է տվել ու հարվածել է: Իր համբերության բաժակը լցվել է, ինքը հրել է նրան, փոխադարձ հայհոյել է: Շարբաթյանը հետ-հետ է գնացել, ձեռքը տարել է գոտկատեղը, զենք է հանել, սպառնացել է, թե սատկացնելու է:
Ինքը շոկի մեջ է ընկել, բռնել է նրա ձեռքից, փորձել է խլել զենքը: Շարբաթյանը երկու անգամ կրակել է իր ուղղությամբ, բայց վրիպել է:
Նա եղել է կիսաընկած վիճակում, ինքը նրա ձեռքից բռնած՝ փորձել է խլել զենքը: Որպեսզի նրանից ազատվի, խփել է նրա աչքին:
Զենքը խլել է, մոտեցել է եղբորն ու Դիլոյանին: Որպեսզի ստուգի՝ զե՞նք է ձեռքինը, կրակել է գետնին, տեսել է, որ շարիկ է կրակում:
Շարբաթյանն այդ ժամանակ դեռ հայհոյում էր: Ինքը զայրացած կրակել է նրա ուղղությամբ, որ էլ չհայհոյի: Եղբայրը քաշել է ձեռքից, ասել է՝ խմած է, պետք չի:
Դրանից հետո նստել են մեքենա, գնացել են Տարոն 2 թաղամաս՝ իրենց բիլիարդանոց: Երբ իմացել են, որ Շարբաթյանը մահացել է, զարմացել են, քանի որ ոչինչ չէր եղել, ինչի հետևանքով նա կարող էր մահանալ:
Դուրս են եկել, շրջել են քաղաքում, որ հասկանան՝ ինչ է կատարվել: Հաջորդ օրը լուրերով լսել են, որ զենքի գործադրմամբ, հրազենային վնասվածքներով սպանվել է փաստաբան Շարբաթյանը: Որոշել են, որ ինքը գնա ոստիկանություն ու պարզի, թե ինչ է կատարվել: Ոստիկանությունում հանձնել է Շարբաթյանի մոտից վերցրած ատրճանակը:
Ամբաստանյալ Արտակ Վերանյանը պնդել է, թե իրենց հեռանալու ժամանակ Շարբաթյանը կանգնած է եղել… Մինչև իր կողմից զենքը խլելը, նա երկու անգամ կրակել է իր ուղղությամբ:
Ամբաստանյալ Վերանյանն ասել է, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում, խմբի կազմում որևէ գործողություն չի կատարել, Դիլոյանը մինչև ռեստորանի բակ դուրս գալը փորձել է հանգստացնել Շարբաթյանին, իսկ եղբայրը վեճի ժամանակ առհասարակ ներկա չի եղել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում