«Չեք անցկացնի» նախաձեռնությունը նոր մտահաղացում ունի
«Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ բերման ենթարկված 21 քաղաքացիներն արդեն ազատության մեջ են. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանցից 7-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասով (Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով):
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն էլ տեղեկացրեց, որ իրենց հաջորդ հավաքը տեղի կունենա հոկտեմեբերի 30-ին Ազատության հրապարակում, իսկ մինչ այդ կլինեն մարզային հանդիպումներ և քննարկումներ:
«Դեռևս հստակ չենք կարող ասել, թե ինչ քաղաքական ուժեր կմասնակցեն հանրահավաքին, դրա մասին կիրազեկենք հետո, հիմա հստակ ասում ենք, որ հանդիպումներ են լինելու քաղաքացիների հետ, կլինեն իրազեկման ակցիաներ, մարզային հանդիպումներ»,- պարզաբանեց Մուսախանյանը:
Հիշեցնենք, որ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակից երթով գնաց դեպի Բաղրամյան պողոտա, քանի որ ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Երթի ընթացքում նախ քաղաքացիներին խոչընդոտում էին փողոցով բարձրանալ դեպի ԱԺ, այնուհետև ԱԺ-ի դարպասներին «Ոչ» գրությամբ պաստառ փակցրեցին, ինչն էլ քիչ անց պոկեցին ոստիկանները, որին հետևեց քաղաքացիներին բերման ենթարկելը: Բերման ենթարկվեց և ազատ արձակվեց նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Աստղիկ Ավագյան