Հատուկ դիպլոմ Տարոն Մարգարյանին
Ֆրանսիայի “Տարոն-Տուրուբերան” հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման:
Համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի մայրաքաղաքի ղեկավարին և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաքում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները ևս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ և հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երևանում:
Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարևանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով թերևս միակն է աշխարհում:
Որպես հրավիրող կողմ, ՛՛Տարոն-Տուրուբերան՛՛ հայրենասիրական միությունը նաև անակնկալ էր պատրաստել քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Միության խորհրդի որոշմամբ Տարոն Մարգարյանին շնորհվել է հատուկ դիպլոմ: Միության որոշումը գոհունակությամբ է ընդունվել տեղի հայ համայնքի կողմից, ովքեր մաղթել են քաղաքապետին միշտ հավատարիմ մնալ սեփական արմատներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դեսինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցել է նաև կիրակնօրյա պատարագին:
Henaran.am –ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: