Շարմազանովը կարող է իր կարծիքն ասել. Գալուստ Սահակյանի գնահատականը Ծառուկյանին
“Ես կարծում եմ դուք գիտեք, որ ԲՀԿ-ն այս պահին կոալիցիայի անդամ չէ, ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել”,-այսօր պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չներկայացան ԱԺ ճեպազրույցներին` ասելիք չունեի՞ն, թե՞ պարզապես խուսափում են կուտակված հարցերի պատասխաններից, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ հավելել, որ կարծիք չունի հարցի վերաբերյալ:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահի բրյուսելյան այցելության մասին պատմող հայտարարությանը, որտեղ Ծառուկյանը սուր քննադատել էր իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս, Գալուստ Սահակյանն ասաց.”Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն էն կուսակցությունն է կամ Գագիկ Ծառուկյանը, որ էդպես անհեթեթ հայտարարություն կարող էր անել, առավել եւս որ ուղղվածություն չուներ”:
Գալուստ Սահակյանի խոսքով, սովորական քաղաքացին երբ կարդա այդ հայտարարությունը, կմտածի “ողջ Եվրոպան ոտքի է կանգնել եւ լծվել է ԲՀԿ հայեցակարգին: Գալուստ Սահակյանը նշեց, որ դա ընդամենը ոչ պաշտոնական հանդիպում է եղել եւ կարծիք հայտնեց, թե այդ հաղորդագրությամբ ԲՀԿ-ին արջի ծառայություն են մատուցել:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այդ հաղորդագրությանը քաղաքական գնահատական տվեց, Գալուստ Սահակյանը պատասխանեց.” ՀՀԿ դիրքորոշումը կարելի է ակնկալել, երբ քաղաքական դաշտի բոլոր դերակատարները լինեն, եւ սա էն հարցը չի, որ քննարկեինք եւ պատասխան նախապատրաստեինք, ցանկացած քաղաքական գործիչ նաեւ Շարմազանովը կարող է իր կարծիքն ասել: Կարծիքը բնութագրական էր եւ չեմ կարծում, որ այն սահմանները, որ մենք գնահատում ենք այլ կուսակցություններին, անցել էր: Այն թերահավատության ընկալումը, որ տեքստը արջի ծառայություն է, նաեւ կար իր հայտարարության մեջ”: