ՔԲԿ-ի զինյալները Դիարբեքիրում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գրոհայինները զինված հարձակում են իրականացրել Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Բաղլար շրջանի Ջեմիլօղլու պողոտայում գտնվող ոստիկանության կենտրոնական տեղամասի վրա, գրում է Ermenihaber.am-ը:
Ինչպես իրազեկում է թուրքական «dunyabulteni» լրատվական կայքը, PKK-ականները զինված են եղել երկարափող զենքերով, «մոլոտովյան կոկտեյլներով» և ինքնաշեն պայթուցիկներով: Հարձակման հետևանքով շենքի հրդեհ է բռնկվել: Առաջացած ծխից տուժել է շենքում գտնվող վեց մարդ, այդ թվում՝ մեկը երեխա: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են:
Քուրդ գրոհայինները, հանդիպելով ոստիկանների դիմադրությանը, փախուստի են դիմել: Նրանց հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ օպերացիան շարունակվում է:
Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակի մասին:
Աղբյուր` Ermenihaber.am