Պարսկահայ տղամարդը Արարատում սպանել է 35-ամյա աղջկան
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուր փողոցի 19 շենքի 16 բնակարանում վիճաբանություն է տեղի ունենում:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Ոստիկանության Շենգավիթի բաժին է մեղայականով ներկայացել 51-ամյա Վալոդյա Մուրադյանը, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Վ. Մուրադյանը պարսկահայ է և երկար տարիներ բնակվել է Միացյալ Նահանգներում, իսկ վերադառնալով Հայաստան` Դ. Նահապետյանի հետ բնակվել է փաստացի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանության ժամանակ Մուրադյանը նախ սեղանին դրված բյուրեղապակյա ծաղկամանով հարվածել է գլխին, իսկ հետո խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է մարմնի տարբեր հատվածներին:
Ինչպես Արարատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի, Արարատի ոստիկանության պետ Սևան Քոչարյանի և Արարատի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչականի բաժնի քննիչները: Օպերատիվ քննչական խումբը նշված տանը հայտնաբերել է 35-ամյա Դիաննա Նահապետյանի մահացած դին: Խոհանոցում հայտնաբերվել է նաև արյունոտ խոհանոցային դանակ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչականի բաժնի Արարատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով: