ՀԱԿ-ը «նվաճումը» պայմանավորում է ԲՀԿ-ով
“Իշխանության պնդումներն այն մասին, որ մարտի մեկի էջը փակված է, հենց իրենք ընդունեցին, որ այդպես չէ”,-այսօր անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագծի շուրջ ԱԺ ամբիոնից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված հավաստիացմանը, ճեպազրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
“Ես համարում եմ դա լուրջ նվաճում: Այդ նվաճումը կայացավ շնորհիվ մեր ընդդիմադիր գործընկերների, մասնավորապես ԲՀԿ-ն մեզ տեղեկացրել էր, որ ամբողջ կազմով պատրաստ էր քվեարկել մարտի մեկի հանձնաժողովի ստեղծման համար, ու ես կարծում եմ, նաեւ այդ համախմբվածությունը, նաեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը ստիպեց “Հանրապետականին”, որ իրենք չհայտնվեն այդ հարցում մեկուսացման մեջ եւ ստիպված իշխանությունները նահանջեցին”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Փաստորեն, Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ-ին, որին իրեն այլընտրանք է հռչակել, համարում է ընդդիմություն, այն դեպքում, երբ կուսակցությունն ինքն իրեն ընդդիմություն չի համարում, ինչը հստակ կերպով երեւաց խորհրդարանում, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարում էին իրենց ընդդիմադիր լինելու մասին: ԲՀԿ-ն, սակայն, այդ շարքում չկար:
Ի դեպ, լրագրողները Լեւոն Զուրաբյանին հիշեցրին, որ ԲՀԿ-ն դժգոհ էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա որոշումից: Մասնավորապես, մեր հիշեցմանը, թե ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր “Գալա”-ի հետ զրույցում հայտարարել է, թե “բոլորի դիմակները պատռվեցին, այսօրվա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը դիմակներ պատռելու նիստ էր”,-Լեւոն Զուրաբյանը զարմանքով արձագանքեց. “Ես էդպիսի բան չգիտեմ, իսկ Ձեր ցիտելով ես որեւէ բան պատրաստ չեմ ընդունել”: