ԲՀԿ-ն գցում է իր փոխնախագահին
”Ես կուսակցի խոսնակ չեմ, ես կուսակցության խոսնակն եմ եւ պատրաստ եմ մեկնաբանելու հասարակական քաղաքական եւ կուսակցական նշանակության հարցեր: Մասնավոր հարցեր կամ անհատների խոսքեր` անհատներին վերաբերող գնահատականներ, ինձ չեն հետաքրքրում”,-այսօր Henaran.am հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը երբ խնդրեցինք մեկնաբանել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` ԲՀԿ ոչ շարքային անդամ, այլ կուսակցության փոխնախագահ, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին արված հայտարարությունը:
Հիշեցնենք, Լեւոն Զուրաբյանը ասել էր, թե ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը իրեն վերածել է Սերժ Սարգսյանի ստրուկի` Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում սատարելով ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դա կուսակցության թիվ 35 ընտրատարածքն ընդգրկող կառույցի եւ տարածքային կառույցի ղեկավար Սամվել Բալասանյանի որոշումն է: Այստեղ ԲՀԿ-ն չէր առաջադրվել, հետեւաբար շահագրգռվածություն չուներ:
Մեր այն դիտարկմանը, թե Լեւոն Զուրաբյանի հայտարարության տրամաբանությունից ելնելով, ստացվում է, որ 2008-ին, երբ ԲՀԿ-ն սատարեց Սերժ Սարգսյանին, իրեն վերածեց նրա ստրուկի՞, Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. “Ձեր հարցը կոռեկտ չէ, որովհետեւ քաղաքական կուսակցությունների հասցեին նման արտահայտությունը տեղին չէ”:
Երբ հստակեցրինք, որ խոսքը Լեւոն Զուրաբյանի վերը նշված հայտարարությունից բխող եզրահանգման մասին է, ԲՀԿ խոսնակը նշեց.” Ուրեմն, հաջորդաբար կոռեկտությունը չի պահպանվում` հեղինակից սկսած”:
ԲՀԿ խոսնակը շարունակեց.”Տարբեր ժամանակահատվածներում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնց հետ կապված մարդիկ ունենում են տարբեր հույսեր եւ ակնկալիքներ: Ժամանակը անցնում է եւ ցույց է տալիս ժողովրդին ու հանրությանը, թե ում հետ ինչ հույսեր ու ակնկալիքներ հարկավոր չէ կապել: Բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում կամ տեղի չեն ունենում, ԲՀԿ-ի մասով պատճառաբանվում են պարզապես մարդկանց կյանքի որակի փոփոխությանն ուղղված գործողություններով: Եթե մենք գոհացած ենք վիճակով, ուրեմն մենք չենք գնում փոփոխությունների, եթե մենք բավարարված չենք, ուրեմն ձգտում ենք փոփոխությունների”: