ԲՀԿ-ն դժգոհ է ՀՀԿ-ՀԱԿ համաձայնությունից
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ափսոսում է, որ հրաժարվեց արտասահմանյան ուղեւորությունից եւ եկավ մասնակցելու ԱԺ պետաիրավականն հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որն այսօր քննարկել է մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախագիծը:
Ուրիխանյանն իր դժգոհությունը հայտնեց հանձնաժողովի որոշումից եւ մասնավորապես ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունից, որ համաձայն է ընդունել նախագծի քվեարկությունը մինչեւ մեկ տարով հետաձգելու պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի առաջարկը:
Ուրիխանյանն ասաց, որ նախորդ քննարկմանը ինքը կրկին գործուղման էր եւ նրա խոսքով, իր բացակայությունը ԶԼՄ-ներում քննարկումների տեղիք տվեց, իսկ այսօր ինքը հրաժարվեց “երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող արտասահմանյան ուղեւորությունից”, որ հարցը քննարկեն, մինչդեռ համաձայնություն է կայացել:
“Ուրեմն, երբ ԲՀԿ-ի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ինչ-որ բան եք քննարկում, երբ ներկա է գտնվում , պայմանավորվածության եք գալիս”,-վրդովված հայտարարեց Ուրիխանյանը եւ հավելեց, թե ԲՀԿ-ի մասնակցությունն ու գնահատական այսօր օրակարգային է դարձել բոլորի համար.”Ինձ նույնիսկ արտասահմանում են հարցնում, թե ինչ դիրքորոշում ունեք”:
Նրան արձագանքեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: ”Պարոն Ուրիխանյան, ճիշտն ասած, մենք չգիտեինք, որ Ազգային Ժողովն իր աշխատանքները պետք է համաձայնեցներ Ձեր թռիչքների հետ”,-նկատեց Դավիթ Հարությունյանն ու հավելեց. ”Ներողություն եմ խնդրում, որ մենք ինչ-որ բան ենք առաջարկում, որի հետ Դուք համաձայն չեք: Վստահ չեմ` մյուս անգամ համաձայնեցնելու ենք”:
Դավիթ Հարությունյանը նշեց նաեւ, որ նիստը նախորդ շաբաթ հետաձգվեց նաեւ այն պատճառով, որ հանձնաժողովի բացակա անդամները եւս ներկա լինեն քննարկմանը, իսկ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հարցը քաղաքականացնել պետք չէ եւ ավելի լավ է տվյալ դեպքում կոնսենսուսի գալ, քան նախագիծն ուղղակի տապալվի: