ՀՀ եւ Բելառուսի ՊՆ-ների միջեւ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Նոյեմբերի 26-ից 30-ը Երեւանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները:
Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը եւ բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռ.Գոլովչենկոն: Նիստի ընթացքում Կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, քննարկել են հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի Արձանագրության կետերի կատարման ընթացքը՝ գնահատելով դրանք դրական:
Հանձնաժողովի նիստի ընթացքում համագործակցության շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների, այլ նախարարությունների եւ գերատեսչությունների մասով: Սահմանել են ռազմատեխնիկական համագործակցության հիմնական ուղղությունները:
Երեւանյան նիստի շրջանակներում բելառուսական պատվիրակության անամներն այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա զարգացման շուրջ:
Կողմերը բանակցել են նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ներակայացուցիչների առողջարանային հանգստի կազմակերպման հարցերի շուրջ:
Նիստի արդյունքներով ստորագրվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը:
Հանձնաժողովի հաջորդ՝ երրորդ նիստը կանցկացվի 2013թ. Մինսկում:
Այցի ընթացքում միջկառավարական հանձնաժողովի անդամներն այցելել են Ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: