Հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորն ենք. “Հայոց արծիվներ”
Այս տարի` հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակը: Այդ առիթով “Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2012 թ-ը հայտարարել է Ազգային Բանակի տարի, եւ հունվարից մինչեւ դեկտեմբեր “Հայոց արծիվները” Հայաստանի ԶՈՒ տարբեր զորամասերում կազմակերպելու եւ իրականացնելու է տարաբնույթ 20 միջոցառում:
Կազմակերպությունը իր նախաձեռնությունը սկսեց հունվարի 9-ին`
Արմավիրի մարզի զորամասերից մեկում: Այստեղ երդման արարողությունն էր եւ 800 նորակոչիկներ երդվեցին անձնուրաց ծառայել հայրենիքին:
Ինչպես միշտ, այս անգամ էլ ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն իր խոսքը սկսեց Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամներից:
Ըստ Նժդեհի` Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով, իսկ Խ. Ասրյանը “խմբագրելով” զորավարին` ասաց. “Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է. սերն ու պաշտամունքը առ Աստված, սերն ու պաշտամունքը հայոց պետականության, քո ընտանիքի, նահատակված եւ կենդանի հերոսների, քո նախնիների հանդեպ, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա՛ հայրենասիրությունը հայոց”:
Շնորհավորելով բոլորին`Խաչիկ Ասրյանը մասնավորապես հորդորեց չմոռանալ, որ բոլորս “հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին եւ զինվորն ենք”: Նա նաեւ անդրադարձավ Եռամիասնության արժեքային համակարգին`Ազգային բանակ-Հայոց նախագահ-Հայաստանի Հանրապետություն:
“Միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ Եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբեւէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, եւ այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. “Կեցցե՛ք դուք, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ հայոց Նախագահը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը”,-ասաց հանրապետության թիվ 1 “Հայոց արծիվը”:
Կազմակերպության “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեց զորամասի հրամանատար, գնդապետ Գեւորգ Ենոքյանը, իսկ ձեռքի ժամացույցներով պարգեւատրվեցին զորամասի մի շարք զինծառայողներ:
Ինչպես Henaran.am-ին ասաց Խաչիկ Ասրյանը, այս տարի բանակի տոնին նվիրված` կազմակերպությունը հայկական բարձրավանդակում գտնվող 20 բնակավայրերում կանգնեցնելու է 20 խաչքարեր` ի հիշատակ արցախյան հերոսամարտում նահատակված քաջորդիների:
Ի դեպ, հիշեցնենք, որ անցած տարի “Հայոց արծիվներ “հայրենասիրական ՀԿ-ն հայտարարել էր Անկախության տարի, եւ 2011 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր կազմակերպությունը Հայաստանի տարբեր զորամասերում իրականացրել էր 20 միջոցառում նվիրված հայոց Անկախության 20-րդ տարեդարձին: