Ջրծաղիկից մահացած զինվորի գործով կա ձերբակալված.սպասվում են նոր ձերբակալություններ
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ձերբակալվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը: Մեր աղբյուրները նշում են, որ պատճառը` անցած տարվա դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքն է: Մեր տեղեկություններով, սպասվում են նոր ձերբակալություններ:
Հիշեցնենք, որ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողի հարազատներին խոստացել է անաչառ քննություն: Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված է բժիշկների անկախ հանձնաժողով, եւ ինչպես Henaran.am-ին ասել էր հանձնաժողովի նախագահ Բենիկ Հարությունյանը, պատճառները պարզ կլինեն մի քանի օրից:
Նշենք, որ ըստ հարազատների, Հայկի հայրը խնդրել է հոսպիտալի բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին, նույնիսկ “պաղատել է՝ ցավից գալարվող երեխային տեղափոխել ինֆեկցիոն, սակայն վերջինս կոպտել եւ առարկել է”: