ԲՀԿ-ն կասկածում է
“Մենք կասկածում ենք կառավարության կանխատեսելիության ունակություններին և կողմ չենք զսպողական հարկաբյուջետային քաղաքականությանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ եղած գնաճի, աղքատության ծավալների մեծացման պայմաններում պետք է գնալ պահանջարկի խթանման ճանապարհով:
“Մենք բազմաթիվ հարցադրումներ ունենք, որոնք կներկայացնենք հանձնաժողովներում քննարկումների ընթացքում, հետո վերջնական կհստակեցնենք մեր դիրքորոշումը”,-անդրադառնալով 2013թ պետբյուջեի նախագծին, նշել է բանախոսը եւ հավելել, որ պետբյուջեի նախագծին այս տեսքով ԲՀԿ-ն դեմ է:
Ներկայացված փաստաթուղթը ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, ոչ թե սոցիալական, այլ գոյատեւման բյուջե է:
Միեւնույն ժամանակ Միքայել Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ-ի “կողմ” կամ “դեմ” քվեարկելը կախված կլինի խորհրդարանում ծավալվող քննարկումներից եւ այն հանգամանքից, կընդունվեն արդյոք ԲՀԿ-ի առաջարկությունները, թե ոչ:
Խոսելով ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքում կատարված փոփոխություններից, որով 2500 դրամով նվազագույն աշխատավարձը բարձրացավ, Միքայել Մելքումյանն ասել է, որ ՀՀ նվազագույն աշխատավարձը շատ հեռու է կենսապահովման զամբյուղից եւ այս առումով ՀՀ-ը վերջինն է եվրոպական երկրների շարքում եւ վերջից երրորդն՝ ԱՊՀ երկրների շարքում: “Մեր կարծիքով՝ այս պահի դրությամբ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 55 հազար դրամ և դրա համար կան համապատասխան ռեզերվներ”,-նշել է նա:
Ինչ վերաբերվում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին եւ պարտադիր կուտակային անցնելու համակարգին անցնելուն, պատգամավորի խոսքով, դեռ դրա ժամանակը չէ: ԲՀԿ-ն, նրա խոսքով, կամավոր կենսաթոշակային համակարգի կողմնակից է: