“Բանակի 20-ամյակի առթիվ կբացե՞ն մեր դուռը”. հարցնում է “Եղնիկներում” “կիսաջան” եղած զինվորի հայրը
2o11թ. սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի “Եղնիկներ” զորամասից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատեւ բուժում ստանալուց հետո ոչ պիտանի է ճանաչվել զինծառայության համար:
Նա անցած տարվա դեկտեմբերի 9-ին տուն է վերադարձել: Նրա հոր` Մկրտիչ Մկրտչյանի պատմելով, որդին արդեն ապաքինվում է, պարզապես շատ է քնում:
“Չգիտեմ, քիչ ուտում, սաղ օրը քնած ա, մի տեսակ ա դառել, բայց դե վերքերը լավանում են”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մկրտիչը: Ժորան քնած էր: “Դե մեկ ա, չէր էլ խոսա, ինչ ասի, տղա ջան…”,-ասում է Մ.Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանին հոգեբուժական բաժանմունքում առաջին անգամ տեսնելով` հայրը չէր ճանաչել: “Ականջները կապտած, ծխախոտ էին հանգցրել ականջների մեջ եւ մարմնին, ծեծել, գլխին խփել, ականջները քաշել, փայտով ականջին խփել, հարվածել են նաեւ սրտին”,-պատմել էր հայրը:
Իհարկե, որդու կորցրած առողջությունը հետ չես բերի, բայց նաեւ չեն էլ բողոքում նրանց դեմ, ովքեր այդպես են վարվել Ժորայի հետ:
Հիշեցնենք, որ այս գործով սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
Henaran.am-ի այն դիտարկմանը, թե ժամանակին ասում էր, “տղային այդպիսի օր գցողի հետ անձամբ է հաշվեհարդար տեսնելու”` հայրը ասաց. “Բարկացած էի` խոսում էի, նրանց էլ ա չէ մամա լույս աշխարհ բերել, թող գնան ապրեն, վերեւ Աստված կա…”,-ասաց Մ. Մկրտչյանը:
“Դատվեն- չդատվեն, մեկ ա, կիսաջան ա երեխաս: Միայն մի խնդրանք ունեմ, սրանից հետո ուշադրություն դարձնեն բանակին, որ իմ տղայի նման` ուրիշները չստորացվեն, ուրիշների տղաներն էլ չդատվեն”,-ասում է արցախյան պատերազմի թոհուբոհով անցած Մկրտիչ Մկրտչյանը:
“Բանակի 20 ամյակն ա, մե՞կը կհիշի, որ տղայիս առողջությունը քայքայվել ա, կգա՞ն դուռս կբացեն ու կշնորհավորե՞ն նրան: Գոնե դրանով ոգեւորվի”,-ասում է Մկրտիչը:
Արմեն Դավթյան