23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Զոհրաբյանի ու Օսկանյանի տեսակետները հաշիվ չեն”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամվոր Սամվել Բալասանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԲՀԿ-ն բազմիցս է հայտարարել, որ այլընտրանք է, սակայն նրա՝ այդպիսին լինելը չի դրսևորվում ոչ մի կերպ:

‘ ‘Բարգավաճ Հայաստան’ կուսակցությունն ինքնահռչակվել է որպես քաղաքական այլընտրանք, և արդեն հինգ ամիս է, ինչ փորձում է ձևավորել իր, ըստ էության, անցումային քաղաքական ինքնությունը (չի կարելի բացառել, որ մինչ այդ ինքնությունը սաղմնավորվի ու բյուրեղանա, կարող է պարզվել, որ այն պետք է շատ արագ մոռանալ): Իհարկե, մինչ օրս կուսակցության տարբեր բանախոսների կողմից ‘անձնական կարծիքի’ շրջանակներում տրվել են տարատեսակ մեկնաբանություններ ու հիմնավորումներ, թե ինչպես է դա հնարավոր, բայց և համաձայնվեք, որ ժամանակ է անհրաժեշտ այս բարդ, համաշխարհային քաղաքագիտական մտքին ու պատմությանն անծանոթ նոր երևույթը մարսելու, մինչև վերջ հասկանալու կամ վերջնականապես չհասկանալու համար: Առաջիկա քաղաքական զարգացումներին ընդառաջ, իհարկե, շատ ու շատ հարցեր կտրվեն, դրանց պատասխաններն էլ կհնչեն կամ չեն հնչի …
Բայց մինչ այդ…

Այդ ո՞ր հարցերում է դրսևորվում ԲՀԿ-ի այլընտրանքայնությունը: Եթե դա իսկապես այդպես է, ապա պետք է, որ առաջնային դրսևորումներ ստանա նաև մի ոլորտում, որի մասին այդքան շատ խոսվում է և քննարկվում, նաև՝ քննադատվում. խոսքը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մասին է: Որպեսզի գոնե այս մասով «Բարգավաճ Հայաստանը» փաստարկի իր քաղաքական այլընտրանքայնությունը, կուսակցությունը պարտավոր է վերջապես համակարգված ներկայացնել իր մոտեցումները մեր պետությանը հուզող արտաքին քաղաքական ու անվտանգային քաղաքականության հետևյալ առանցքային խնդիրների շուրջ:

1.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, երկկողմ ու բազմակողմ օրակարգային խնդիրների վերաբերյալ:

2.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԵՄ, Հայաստան-եվրոպական այլ կառույցներ հարաբերությունների վերաբերյալ:

3.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ:

4.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

5.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

6.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ:

7.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները Հայաստանի ռազմաքաղաքական ու անվտանգային առաջնահերթությունների վերաբերյալ:

8.Ինչպիսի՞ն են ԲՀԿ-ի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային խնդիրների, առկա կոնֆլիկտների, Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Ահա, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և ռազմաքաղաքական առաջնահերթություններին վերաբերող հարցադրումների այն նվազագույն շարանը, որոնց վերաբերյալ ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետների հրապարակումը, եթե այդպիսիք արդեն կան, թույլ կտա փորձագիտական ու լրագրողական հանրություններին իշխանությունը և ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի հետ համեմատության ծիրում կշռել քաղաքական այլընտրանքայնության բարգավաճական իսկությունը: Իշխանությունների տեսակետներն այս հարցերի շուրջ հայտնի են բոլորին, շարադրված են և բազմիցս հնչեցվել են հանրապետության նախագահի և արտգործնախարարի կողմից:

Հ.Գ. 1. Ավելորդ է ասել, որ իբրև շարադրված հարցերի պատասխան հղումը ԲՀԿ-ի ծրագրին, ըստ էության, կնշանակի խուսափում շարադրված հարցերի վերաբերյալ սեփական տեսակետները ներկայացնելուց, քանզի այդ ծրագրերը 6 տարվա ընթացքում սկսել են Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության անհրաժեշտության ձևակերպմամբ, ընթանում են Եվրասիական միության անդամակցության անհրաժեշտության ամրագրումով և միայն Աստված գիտի, թե ինչ ուղղությամբ կշարժվեն ապագայում:

Հ.Գ. 2. Ինքնըստինքյան հասկանալի է, որ հարցադրումների այս շրջանակին համակարգված գրավոր պատասխանների ներկայացումը օգտակար կլինի նախևառաջ իր՝ ԲՀԿ-ի համար, սեփական, թեկուզև անցումային ինքնության ձևավորումն արագացնելու տեսանկյունից: Բայց, համաձայնվեք, սա այն դեպքը չէ, երբ պարոն Օսկանյանը կամ տիկին Զոհրաբյանը կարող են ներկայացնել իրենց ՛՛անձնական կարծիքները՛՛, նրանց ՛՛անձնական տեսակետներն՛՛ այս դեպքում, ինչպես ասում են, հաշիվ չեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ