30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սպիտակցի Հայկո, Թաթուլ-մաթուլ, Լիլու-միլու…

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին վրդովում է հայկական ռաբիզությունը, որն առկա է մի շարք ոլորտներում: ‘Հեռուստացույցով, փողոցում, ավտոմեքենայից՝ ամենուրեք ռաբիս կամ ցածրակարգ երաժշտություն է հնչում:
Ռաբիսություն է գրեթե բոլոր ոլորտներում, տնավարություն, ‘քուչայական’ մակարդակ: Ես հիշում եմ անցյալ դարում՝ խորհրդային տարիներին, հեռուստատեսությամբ, ռադիոյով որքան հետաքրքիր, բովանդակալից, ուսուցողական հաղորդումներ կային՝ դասական երաժշտությանը, երգահանների կյանքին, ստեղծագործությանը նվիրված, հաղորդումներ երաժշտական տարբեր ոճերի, ուղղությունների վերաբերյալ: Հիմա կանգնեցրեք որևէ պատահական անցորդի և հարցրեք՝ ինչ երաժշտություն է սիրում, ինչ երգահաններ գիտի, ինչ ոճ է նախընտրում… Համոզված եմ, եզակի բացառությունները չհաշված, կտան Սպիտակցի Հայկոյի, Թաթուլ-մաթուլի, Լիլու-միլուի և մյուսների անունները:
Եվ, իրոք, ես հիմա մտածում եմ՝ ում ազգանունը կտայի, եթե հարցնեին հայտնի կոմպոզիտորներից: Չհաշված իհարկե համաշխարհային դասականներին և խորհրդային շրջանի մեր տաղանդաշատ կոմպոզիտորներին` ո՞ւմ ազգանունը կտայի մեր ժամանակակիցներից… Մտածում եմ և ցավոք Մանսուրյանից զատ որևէ մեկին չեմ կարողանում մտաբերել: Գուցե ե՞ս եմ հեռու արվեստից, երաժշտական աշխարհից, գուցե: Այդ դեպքում ասեք՝ ինչու տեղյակ չենք, չէ՞ որ այդ ամենը մեր՝ բոլորիս համար է և ոչ թե միայն այդ ոլորտի գիտակների: Բնականաբար, հարց է առաջանում, թե որտեղ են մշակույթի նախարարությունը, հեռուստատեսությունները, մյուս լրատվամիջոցները… Բացառությամբ հազվադեպ հյուրախաղերի` բարձրարժեք ներկայացումները, համերգները մատերի վրա կարելի է հաշվել, նայեք համերգների երգացանկը` դասկաններից բացի այլ երգահաններ կա՞ն, իհարկե ոչ: Չհաշված եզակի դեպքերը՝ ամենուրեք ցածրաճաշակ երաժշտության ու ռաբիսականության արագ տեմպերի, ցածրամակարդակ, անճաշակ արվեստի ու գրականության հաղթարշավի պայմաններում, գեղագիտական-բարոյագիտական դասական մշակույթը աստիճանաբար դատապարտված է մահվան, եթե արդեն շունչը չի փչում… Համենայն դեպս իմ տպավորությունն այդպես է:
Ո՞ւր են այն հանճարները, այն մեծությունները, որոնք, վեր հառնելով քաղքենիական այս միջավայրից, լայն սպառման համար թողարկվող ապրանքների մակարդակի«ստեղծագործություններից» և բնությունից օտարված ու ոգեզուրկ, անհուսալիության անդունդում հայտնված, քաղաքականացված, չարացած, անդեմ, ամորֆ այս հասարակությանը կտանեն դեպի մայր բնություն, դեպի գեղեցիկը, դեպի հույսը, հավատը, վեհը, ազնիվը: Արժեքներ, որոնք հիմա գրեթե ուտոպիայի, ֆանտաստիկայի ժանրից են թվում…
Ժամանակն է այս թունավորված, խեղաթյուրված աշխարհում, թախծի ու ճնշվածության, խորը հիասթափություն ապրող հասարակության պայմաններում հասնենք մարդկային ոգու, մարդկային իրական արժեքների վերագնահատմանը, նորացմանն ու ստեղծմանը…
Մշտապես չպետք է մոռանանք, որ մարդկային իմացությունն ու հոգևոր մշակույթը միայն կփրկի համընդհանուր փլուզումից ու բարոյազրկումից, կբարիացնի ու կկրթի մարդկանց, նրանց կդարձնի ավելի հանդուրժող և հումանիստ:
Այսօր կա՞ն այն հանճարները, որոնք կարող են ծառայել մարդկությանը, հասարակությանը և, ինչու չէ, առանձին մարդուն: Իհարկե ոչ: Կա՞ն գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, որոնք լիարժեք կպատկերեն, կարտացոլեն ժամանակակից անհատի հոգեվիճակը կամ կկարողանա՞ն դեղատոմս առաջարկել մարդկանց գլխում արմատավորված շփոթն ու անհուսալի թվացող իրավիճակը շտկելու, անկումային տրամադրություններով համակված հասարակությանը բուժելու համար:
Ցավոք, կասկածում եմ:
Սակայն, ժամանակն է այդ ամենը վերաիմաստավորելու, վերարժևորելու, լրջորեն քննարկելու և անհուսալիության այս անդունդից դուրս գալու: Այլապես մեր հասարակությունը կվերաճի քաղքենիների զոմբիացած մի ոհմակի, որը սովոր է սեփական անպետքությունից ու անճարակությունից, անհուսության գիտակցումից դրդված իր ողջ ատելությունն ու չարությունը ուրիշների վրա թափել…
Ժամանակն է, այլապես շատ ուշ կլինի…

Ես, բնականաբար, արվեստագետ չեմ, ինձ այդ գործում շատ գիտակ չեմ համարում, բայց որոշեցի գրել, կիսվել ձեզ հետ, որպեսզի խորհենք միասին, գուցե մի արդյունք տա, մի կայծ բռնկվի, մի բան արթնանա, թեկուզ չնչին, թեկուզ փոքր…’,-գրել է Մելքոնյանը Ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ