25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մաշտոցի պուրակին ոչնչացում է սպառնում. ահազանգում են քաղաքացիները

‘’Մենք ենք մեր քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է  հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է ‘Մեծարգո պարոն նախագահ, հարգարժան պարոն քաղաքապետ.

Մենք` մի շարք մտահոգ քաղաքացիներ, դիմում ենք Ձեզ, արտահայտելով մեր մտահոգվածությունը եւ բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց:  Չնայած նրան, որ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:

Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:

Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:

Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:

Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:

Քաղաքապետարանի կայքում տեղակայված նախագծի լուսանկարից (http://www.yerevan.am/phpthumb/phpThumb.php?src=../edfiles/imageDB/news/news_1328022506_3371_1_001.000.31.jpg&w=450) ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ  հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:

Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝

  1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
  2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
  3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
  4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
  5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:
  6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ ‘Հին Երեւան’  նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով ‘’Հին Երեւան’’  նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների:
Henaran.am-ին փոխանցում են ‘Մենք ենք մեր քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնության մամլո գրասենյակից

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ