Թուրքական բեռնատարը ներխուժել է հայ ընտանիքի տուն
Վրաստանի Ախալցխայի շրջանի Նաուքրեբի գյուղում բնակվող Մուրադյանների ընտանիքը անտուն է մնացել այն բանից հետո, երբ նրանց տան մեջ է ներխուժել թուրքական բեռնատարը: Այս մասին հայտնում է “Грузия Online”-ը` հղում անելով “Кавказ-Пресс”-ին:
Ընտանիքը թուրք վարորդից պահանջում է վերականգնել տունը, քանի որ ձմեռային սառնամանիքի պայմաններում տեղ չունի ապրելու:
Թուրք վարորդն էլ իր հերթին պնդում է, որ ճանապարհը սառցապատ է եղել, որի պատճառով էլ ինքը չի կարողացել կառավարել մեքենայի ուղղությունը:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մանրամասները պարզելու համար:
Հարկ է նշել, որ թուրքական բեռնատարները հաճախ են դառնում ավտոճանապարհային պատահարների պատճառ Վրաստանում: