Երեւանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի եւ մետաղի մշակման ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար գերմանական ‘’Bosch’’ ընկերության աջակցությամբ:
ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը եւ կարեւորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական համակարգը նոր տեխնոլոգիաների եւ ժամանակակից սարքավորումների հագեցվածության խնդիր ունի: “Էլեկտրական սարքավորումների այս կենտրոնը Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում առաջինն է, բայց հուսով ենք, որ վերջինը չի լինի: Այսպիսի կենտրոնների պահանջարկը մեծ է, քանի որ դրանք նպաստում են շուկային միտված մասնագիտությունների ուսուցման կազմակերպմանը:
Կենտրոնը զինված է գերժամանակակից տեխնիկայով, եւ եթե երիտասարդը սովորում է աշխատել այդ գործիքներով, նա անպայման իր տեղը կգտնի աշխատաշուկայում, ինչը շատ կարեւոր է”,- նշել է նախարարն ու հավելել, որ նախատեսվում է կազմակերպել դասավանդող վարպետների վերապատրաստում: Նախարարը մասնավոր ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է շարունակել համագործակցությունը` ցանցը ընդլայնել եւ նման կենտրոններ ստեղծել նաեւ այլ ուսումնարաններում: Գերմանական ‘’Bosch’’ ընկերության ներկայացուցիչ Ն. Պրուիձեն գոհունակությամբ է խոսել ծրագրի մասին եւ նշել, որ սա տարածաշրջանում առաջին նման կենտրոնն է:
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել սարքավորումների հնարավորություններին եւ նույնիսկ դրանցից մի քանիսը փորձարկել անձամբ:
Henaran.am-ին հաղորդում են ԿԳՆ լրատվական ծառայությունից