24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կայացավ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի Խորհրդի 11-րդ նիստը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասնմեկերորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց  Խորհրդատվական խմբի նորանշանակ ղեկավար Ուիլյամ վան դեր Գիստին և հույս հայտնեց, որ նրա ղեկավարությամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունները և բարեփոխումների ընթացքը այսուհետ ևս հաջող կիրականացվեն:

Արթուր Բաղդասարյանը դրական գնահատեց ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս մակարդակը. §Հայաստան Եվրամիություն հարաբերությունները զարգանում են դրական տեմպերով: Վերջին 2 ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր իրադարձություններ, մասնավորապես հոկտեմբերի 18-ին Բրյուսելում նախաստորագրվեցին ՀՀ և ԵՄ միջև վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը և արդեն 2013թ. ընթացքում ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան այցելելու եվրոպական երկրներ դյուրացված պայմաններով, որը չափազանց կարևոր քաղաքական և հանրային նշանակություն ունի: Ուզում եմ կարևորել հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցած խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլի հաջող ավարտը: Հույս ունենք, որ դեկտեմբերի 3-5-ը Բրյուսելում տեղի ունենալիք բանակցությունների հաջորդ փուլում կարձանագրենք էլ ավելի առաջընթաց, որը հնարավորություն կտա այս կարևոր ոլորտում ապահովել շարունակական զարգացումներ: Կարևորում եմ նաև հոկտեմբերի 26-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Ասոցացման բանակցությունների 10-րդ լիագումար նիստը, որտեղ մենք շուրջ 10 ուղղություններով լուրջ առաջընթաց  ենք գրանցել¦:

Խորհրդատվական խորհուրդը հաստատեց ԵՄ խորհրդատվական խմբի 2012թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների եռամսյակային հաշվետվությունը և դիտարկեց Խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունները:

Խորհուրդն իր գոհունակությունը հայտնեց 2012թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների եռամսյակային հաշվետվության վերաբերյալ, որտեղ ներկայացվել էր Խորհրդատվական խմբի կողմից քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն` ուղղված Խոր և Համապարփակ Ազատ Առևտրի Համաձայնագրի բանակցային գործընթացին:

Խորհրդատվական խորհուրդը նաև նշեց շարունակական ջանքերի մասին` ուղղված ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ:

ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, դրական գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը, վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման և այլ ոլորտներում հետագա փոխգործակցության խորացման գործընթացում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ