“Ես գիտեմ, ինչ եմ անում, խելոք նստի տեղդ”. Շարմազանովը` Սաֆարյանին
Այսօր խորհրդարանում “Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին” օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն իր ելույթն օգտագործեց եւ շարունակեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քվեարկության թեմային անդրադառնալու համար: Պատգամավորի ելույթն ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.”Հարգարժան կոլեգա, ես կխնդրեի խոսել այս օրենքի մասին”:
”Որևէ մեկը չի կարգավորում, թե ինչպիսին պետք է լինի պատգամավորի ելույթը: Ես ազատ եմ իմ պատկերացումների շրջանակներում կառուցելու իմ խոսքը”,-ԱԺ փոխնախագահի այս դիտարկմանն արձագանքեց Ստյոպա Սաֆարյանն ու շարունակեց խոսել արդեն քվեարկված նախագծից ու հայտարարեց, թե “ակնհայտորեն ստեղծում եք բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ասել, թե դահլիճում ով ում փոխարեն է քվեարկել”:
Հանուն արդարության նշենք սակայն, որ “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քվեարկության ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր չարձանագրեցին ոչ քվեարկության պրոցեսին հետեւող “Ժառանգության” պատգամավորներ Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը, ոչ էլ լրագրողները, որոնք նիստին հետեւում էին վերեւից` լրագրողների սենյակից:
“Հիմա էլ փորձում եք իմ ելույթները կարգավորել: Որևէ մեկն, անգամ մեր խմբակցության ներսում, էլ չեմ ասում այլ խմբակցությունից, չի կարող որևէ մեկին ասել ինչի մասին խոսի ամբիոնից”,-հայտարարեց պատգամավորը: Ստյոպա Սաֆարյանի` քննարկվող օրինագծի հետ առնչություն չունեցող ելույթը հունից հանեց ԱԺ փոխնախագահին:
“Հարգարժան կոլեգա, ես չցանկացա ձեր մտքի փայլատակումներն ընդհատել, բայց ուզում եմ տեղեկացնել` և կանոնակարգը, և նիստի վարողի իրավունքները նրա համար են, որ ուղղորդեն պատգամավորներին թեմայից չշեղվել: Խնդրում եմ խոսեք ըստ էության, թե չէ մնում էր Եվրատեսիլից խոսեիք: Ես գիտեմ, ինչ եմ անում, խելոք նստի տեղդ”: Շարմազանով-Սաֆարյան երկխոսությունն այսքանով սահմանափակվեց: