Նախարարի եւ փոխնախարարի միջեւ հակասություն չկար. պատճառը` կառուցվածքային էր
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում գործող առցանց դրամաշնարհային համակարգը առաջիկայում կգործի: Այս մասին Heanaran.am-ի հետ զրույցում նշեց “Երիտասարդական միջոցառումների կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հայրապետյանը:
Նշենք, որ պետբյուջեից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դրամաշնորհային ծրագրերը առցանց տեղադրվում էին եւ մասնագետների գնահատականներից հետո դրանք ֆինանսավորվում էին: Սակայն այդպես նախարարությունը աշխատեց միայն մեկ եռամսյակ:
Ըստ տարածված լուրերի` առցանց համակարգը դադարեց աշխատել, քանի որ հակասություն կար սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի եւ փոխնախարար Արսեն Քարամյանի միջեւ: Նկատենք` նրանք տարբեր առիթներով հերքում էին այդ տեղեկությունները:
“Պատճառը զուտ տեխնիկական էր. կառավարության որոշմամբ լուծարվեց ՊՈԱԿ-ը, եւ փաստացի հնարավոր չէր ֆինանսավորումը իրականացնել: Անցած տարվա դեկտեմբերի 1-ին կառավարությունը վերակագնեց ՊՈԱԿ-ը, եւ հունվարի 23-ից այն գործում է”,-ասաց Դավիթ Հայրապետյանը: Նրա խոսքով, առաջիկա երկու շաբաթում կգնահատվեն նախորդ եռամսյակներում ներկայացված ծրագրերը, շահած կազմակերպությունների հետ կկնքվեն պայմանագրեր:
“Ու արդեն հունի մեջ կընկնենք եւ կընդունվեն նոր հայտեր”,-ասաց տնօրենի պաշտոնակատարը: