Շուշան Պետրոսյանն ու դիջեյ Վակցինան “գայթակղվել են” ՀՀԿ-ով
“Ամեն մեկը վերին աստիճանի հավասարակշռված հայտարարություններով պետք է հանդես գա, նույնիսկ, եթե դրական բան է ասում: Առանց այն էլ ԱԺ-ն այն մարմինը չէ, որի նկատմամբ հասարակությունը հարգանք ունի, պետք չէ դրան ինչ-որ բան ավելացնել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես է արջագանքել երգչուհի Շուշան Պետրոսյանի եւ դիջեյ Վակցինայի` ԱԺ մտնելու մասին լուրերին:
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, որ կցանկանար պատգամավոր դառնալ, իսկ լրատվամիջոցներից մեկում էլ տեղեկություն էր հրապարակվել, թե դիջեյ Վակցիան` Արուսիկ Մկրտչյանը հնարավոր է մտնի ՀՀԿ համասնական ցուցակ:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը, նույն հարցին այսպես պատասխանեց.” Մամուլը ավելի հետաքրքիր դարձնելու համար են այդ լուրերը:
Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց պետք չի նման շեշտադրումներով վերաբերել համամասնական ցուցակին: Ինքնաառաջադրման համար կա մեծամասնական համակարգ, թող առաջադրվեն , մենք էլ կուրախանանք”: Հարցին, թե ինչու են շարունակ շահարկվում այս կամ այն անձի` ՀՀԿ ցուցակ մտնելու մասին լուրերը, Հովհաննես Սահակյանն ասաց.”ՀՀԿ-ի գայթակղությունը մեծ է”: