Ծառուկյանը “գցեց” Արամին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հրապարակեց իր ցուցակի առաջին 20 թեկնածուների անունները:
Ցուցակի երկրորդ համարը նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է: Ի դեպ, նրա մասով արդեն փորձագիտական կարծիք է հնչում, որ Օսկանյանը քաղաքական արենայում ստվերելու է ԲՀԿ նախագահին:
Ցուցակում ընդգրկված են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում դարձյալ ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Վահե Հովհաննիսյանը, ով պատգամավոր դառնալուց քիչ անց մանդատը վայր դրեց, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, “Ջավախք” հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանը: Կան անուններ, որոնք ընդհանրապես անհայտ են եւ դժվար է նրանց քաղաքական գործունեության մասին որեւէ տեղեկություն պեղել:
ԲՀԿ-ի 20-յակում ընդհանրապես չկա Վարդան Բոստանջյանի անունը, ինչն անակնկալ չէր, քանի որ վերջինիս արդեն տեւական ժամանակ այստեղ “ներդրված” են համարում ՀՀԿ-ի կողմից: Անակնկալ էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի դիրքավորումը ԲՀԿ ընտրյալների ցանկում. նա 14-րդն է: Մարդ, ով խմբակցության “զարկերակային” օրենսդիրներից է եւ քիչ բան չի արել խորհրդարանում թիմի համար:
Ճիշտ է, Սաֆարյանն անցողիկ տեղում է, բայց եթե հաշվի առնենք, որ կուսակցության համամասնական ցուցակը ինչ-որ տեղ նաեւ անցած 5 տարիների աշխատանքի գնահատականն է , հասկանալի է դառնում, որ Արամ Սաֆարյանն այս առումով ոչ ավել ոչ պակաս “գցված” է: Փաստորեն, Ծառուկյանի ականջը չշոյեց Արամ Սաֆարյանի “ինչպես ասել է Գագիկ Ծառուկյանը” անընդհատ հղումները:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արամ Սաֆարյանն իրեն այնքան “նվաստացած” է զգում, որ նույնիսկ հնարավոր է հրաժարվի ցուցակից: Փորձեցինք զրուցել նրա հետ, սակայն նրա հեռախոսը առավոտվանից անհասանելի է:
Որոշ տեղեկություններով, ԲՀԿ-ի համամասնական ցուցակի կազմմանը իր ուրույն դերն է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս էլ “դաբրո” չի տվել “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանին, ինչի պատճառով նրա անունը չկա ցուցակում:
Սակայն Պետրոս Ղազարյանը մտերիմներին ասել է, որ եթե դառնար պատգամավոր, ապա չէր կարողանա իրականացնել մի քանի նոր հեռուստանախագծեր: Այդ իսկ պատճառով Պետրոսը նախընտրեց մնալ իրեն հարազատ միջավայրում:
Henaran.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, որ երբ հրապարակվի ԲՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ, այն ժամանակ էլ կպատասխանի բոլոր հարցերին:
ԲՀԿ-ի լավագույն 20-յակը եզրափակում են Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանը: Երիտասարդներ, որոնք քաղաքական տեւական դեգերումներից եւ թռիչքներից հետո վայրէջք կատարեցին “Բարգավաճ Հայաստանում”: